Գիզիրյան չէ՝ ատոմային ռումբ էլ դառնար, ստեղ ոչինչ փոխել հնարավոր չէր. Մուշեղ Սաղաթելյանը վաղեմի ընկերոջ մասին

Galatv.am-ի հաղորդմամբ` 2008 թ-ի նախագահական ընտրություններում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Անիի տարածաշրջանի շտաբի պետ, ծնունդով Շիրակի մարզի Ձորակապ գյուղից Մուշեղ Սաղաթելյանը, ով հետընտրական շրջանում՝ Մարտի մեկի դեպքերից հետո ձերբակալվածների թվում էր և նաև Շիրակի նախկին գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանի վաղեմի մտերիմ ընկերը, կարծում է, որ Աշոտ Գիզիրյանը ոչ մարզի դրությունը փոխելու հնարավորություն ուներ, ոչ էլ մարզում ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Նրա կարծիքով երկու դեպքում էլ հնարավոր չէր:

«Ժողովրդի աղքատ վիճակ և քայքայված տնտեսություն, արտագաղթող և բաժանվող ընտանիքներ… սա է վիճակը Շիրակում: Գիզիրյան չէ՝ ատոմային ռումբ էլ դառնար, ստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ, համակարգային խորը, լուրջ փոփոխություն է պետք քաոսային վիճակից դուրս գալու համար»:

Մուշեղ Սաղաթելյանի կարծիքով, հենց այս վիճակն էր պատճառը, որ Շիրակի մարզում Սերժ Սարգսյանը հաղթել չկարողացավ, բայց, այնուամենայնիվ, սա Աշոտ Գիզիրյանը համարեց իր պարտությունը, ինչու՞:

«Նախ ասեմ, որ դա ներքին «կուխնիայի» հարց էր: Նա դրանով պարզ ասաց, որ հանձնաժողովականներին լավ չէին հանձնարարել կեղծարարություն անել, դրա համար մարդիկ Սերժից դժգոհ գնացին ու ձայները տվեցին Րաֆֆիին՝ չսիրելով աղքատ վիճակին հասցնող իշխանություններին: Չփորձեցին էդքան հանձնաժողովականներին ուղղորդել: Եթե ամբողջ Հայաստանում այդպիսի ընտրություն լիներ…»:

Մուշեղ Սաղաթելյանին հարցրել են նաև, թե Գիզիրյանին առաջվա նման համարու՞մ է իր ընկերը:

«Իմ հասկացողությամբ և իմ ընկերության մեջ հեչ կարևոր չէ, թե նա ինչ է անում: Ինձ համար մարդը մնում է մարդ՝ անկախ նրանից՝ ինքը որտեղ է և ինչ է անում, մեր հարաբերություններն էլ եղել են այնքանով, որքանով… ինքը ինչ որ արել է, իրա համար է արել: Ինչպես որ ես ազատազրկվեցի, դուրս եկա ինձ համար, ինքն էլ ինչ արել, իր համար է արել: Ես ինձ դատող դատավորներին էլ եմ ներել, քանի որ ստոր ու վատ բան են արել, իրենք իրենց համար են արել, դրա համար էլ հիմա ինձ տեսնելիս գլուխները կախում, անցնում են»,- ասել է Մ. Սաղաթելյանը:

Տեսանյութեր

Լրահոս