Անդրիաս Ղուկասյանը ավագանի դառնալու խնդիր չունի

ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով հետընտրական շրջանում աջակցում է պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում է՝ «Բարև, Երևան» նախընտրական դաշինքի հաջողությունը կապված չէ ցուցակի մրցունակության հետ:

«Ցուցակը մրցունա՞կ է, թե՞ ոչ, այս պահի դրությամբ ես դժվարանում եմ ասել: Շինծու ընտրություններում մրցունակ լինել կամ չլինելն էական նշանակություն չունի: Շինծու ընտրություններում հանրության քվեն չի որոշում արդյունքը, այլ նա է որոշում, ով ունի հնարավորություն կեղծելու ընտրությունները և մնալ անպատիժ: Բոլորս գիտենք, թե որն է այդ ուժը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նրա  խոսքով, մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների մասնակցելը ցանկացած քաղաքական թիմի համար մարտահրավեր է: Մեր այն հարցին, թե կարելի՞ է հայտնի ֆիլմի օրինակով ասել, որ «ցուցակը չէ, որ պետք է գեղեցկացնի ընտրությունները», Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց.« Եթե սա դիտարկվում է որպես հեղափոխության սկիզբ կամ շարունակություն, երբ հանրությունը Երևան քաղաքի վրա վրահսկողություն է վերցնում ընտրություների միջոցով, դա մեկ այլ  պրոցես կլիներ: Իսկ եթե մենք ունենանք այն, ինչ ունեցել ենք միշտ, երբ կեղծիքի գործիքները մնում են իշխող կուսակցութան ձեռքը,  ուժերը ընտրությունների մասնակցում են լեգիտիմացնելու համար այս պրոցեսը, ապա ունենալու ենք այն, ինչ ունեցել ենք, երբ իշխող կուսակցություն է բաժանում տոկոսները: Ես դեռ չեն կողմնորոշվել, թե որ ուղղություններով են զարգանում Հայաստանում պրոցեսները»:

Ըստ նրա՝ եթե «Ժառանգությունն» այս ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցնի, ապա դա առաջընթաց չի կարելի համարել, քանի որ իրական հաջողություն կլինի մեծամասնություն ստանալը,  այն էլ, եթե ընտրություններում կեղծիքներ չլինեն:

«Եթե քաղաքական ուժերը պարզապես մրցակցելու են քվեների ձեռք բերելու հարցում և վերջին խոսքը ՀՀԿ-ինն է լինելու՝ ում ինչքան տոկոս բաժանեն, նման պրոցեսը որևէ արժեք չունի՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը որ տեղն է զբաղեցրել: Դա հանրության կամքի հետ կապ չունեցող արդյունք է»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:

Հարցին՝ արդյոք «Ժառանգության» ցուցակում չընդգրկվելու պատճառը ընտրությունների նկատմամբ վստահություն չունենա՞լն է, նախագահի նախկին թեկնածուն պատասխանեց, թե այս պահի դրությամբ որևէ  քաղաքական ուժի հետ մասնակցելն ընդունելի չէր իր համար և ավագանի դառնալու խնդիր ինքը չունի:

Տեսանյութեր

Լրահոս