
Microsoft-ը պատմել է հատուկ ծառայությունների հարցումների մասին

Հետևելով Google-ի օրինակին՝ Microsoft ընկերությունը նույնպես որոշել է բացահայտել, թե հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը քանի անգամ են դիմել իրենց՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու նպատակով։
Պարզվել է, որ 2012 թվականին ընկերությունը ստացել է օրական 266 այդպիսի հարցում։
Microsoft-ն ընդհանուր առմամբ մշակել է 75 378 հաղորդագրություն՝ ստացված ուժայինների կողմից։ Ընդ որում, ոչ միայն ամերիկյան, այլ նաև օտարերկրյա։
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե այդ հարցումների որ մասն է բավարարվել։
Սակայն ընկերությունը տեղեկացնում է, թե որ երկրներն են այդ առումով առավել ակտիվ։ Հարցումների 60%-ը ստացվել է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից, Գերմանիայից և Ֆրանսիայից։
Microsoft-ի ղեկավարությունը նշում է, որ նման հաշվետվություններ կհրապարարակվեն յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։
Նշենք, որ մինչ այժմ ընկերությունները հազվադեպ էին հրապարակում նման հաշվետվություններ՝ իրավապահ կառույցների վերաբերյալ։ Այժմ նման տեղեկությունների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է։ Բացի այդ, Microsoft-ն ու Google-ը ըստ էության ստիպված են հրապարակել այդ տեղեկությունները, որպեսզի հասարակության մոտ չասոցիացվեն լրտեսական կազմակերպությունների հետ։