Րաֆֆի Հովհաննիսյան. Մեր պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ

«Ինձ պետք չէ ոչ մի նախագահություն, ինձ պետք է ժողովրդի հաղթանակը, իրավունքը, ազգային շահը: Եվ մենք հասնելու ենք դրան»,- այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նաև հավելեց. «Ժամանակի ընթացքում բոլորը պետք է տեսնեն, որ սա համազգային համապետական, համաքաղաքացիական պայքար է, ով դեմ կանգնեց հայ ժողովրդի իրավունքին, լինի հայաստանցի, թե օտար, ինքը մեղսակից է լինելու և պետք է զղջա, որովհետև այս մեր պայքարը անտարակույս տանելու ենք դեպի հաղթանակ»:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ ով «չարությամբ խոսում է անծրագիր մոտեցման մասին», ունեն երկու ճանապարհ՝ կամ միանալ իրենց, կամ զղջալ:

Ր. Հովհաննիսյանը հայտնեց, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, ով դիմել էր Երևանի քաղաքապետարան՝ ապրիլի 9-ին Հանրապետության հրապարակում իրազեկված հավաք կազմակերպելու համար, ընդունվել է  քաղաքապետարանի կողմից:

Իսկ սա, ըստ նրա, նշանակում է, որ, ելնելով իրենց խորհրդից, որակի և քանակի աճող հաճախականությունից, պետք է որոշեն, թե մի քանի շաբաթ հետո՝ ապրիլի 9-ին, որտեղ են անցկացնելու երդմնակալության արարողությունը՝ Ազատության հրապարակո՞ւմ, թե՞ Հանրապետության հրապարակում: Միաժամանակ նա նշեց, որ երկուսն էլ «հարազատ հրապարակներ» են իրենց համար:

Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև նրանց, ովքեր, ըստ նրա՝ խոսում են «անծրագրայնության» մասին, և ասաց, որ երկու շաբաթ հետո կայանալիք հանրահավաքում իրենք կներկայացնենք «Բարև, Երևան» «հաղթական» ցուցակը:

Ր. Հովհաննիսյանը ևս մեկ անգամ նշեց, որ այդ ցուցակը միակ վերկուսակցական ցուցակն է: Հաղթանակ մաղթելով մասնակից մյուս քաղաքական ուժերին՝ նա ասաց, որ այլևս ոչ մի կուսակցություն չի մրցակցելու հայ ժողովրդի, քաղաքացու հետ:
Ապրիլի 5-ին սպասվող հաղթահավաքին, նրա փոխանցմամբ, իրենք կպատրաստվեն նոր Հայաստանի երդմնակալությանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև հայտնեց, որ հաջորդ հանրահավաքի ընթացքում՝ մարտի 29-ին, ինքը հանդես կգա հատուկ հայտարարությամբ՝ «ապագա ճանապարհային քարտեզի» վերաբերյալ:

«Չեմ ասում որևէ մեկին ներկա լինել, ընտանիքին բերել, ավտոբուսով բերել, գյուղն ու քաղաքը իր կամքով են ներկա լինելու»,- հայտարարեց նա:

Տեսանյութեր

Լրահոս