Րաֆֆի Հովհաննիսյանը թվարկեց իր պահանջները

«Ինձ ոչ մի նախագահ պետք չէ, պետք է հայ ժողովրդի հաղթանակը»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ իր խոսքերում հեգնանք չկա: Դիմելով Սերժ Սարգսյանին՝ նա ասաց. «Հաշվեք, պարոն Աարգսյան, հաշվեք և տեսեք՝ այստեղ հավաքվածների թիվը երեք հազա՞ր է, թե՞ մեկ ուրիշ թիվ»:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին ներկայացված «Ժառանգության» «Բարև, Երևան» ցուցակին, նա ասաց, որ դա միակ վերկուսակցական ցուցակն է, որը կրում է ոչ «ժառանգություն» անունը, որովհետև Հայաստանն ունի մեկ դրոշ՝ եռանգույնը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ այսօր պետք է հրապարակի վերջին առաջարկը: Նա կարևորեց բաց, թափանցիկ նամակագրության ձևը և, այդ սկզբունքին հետևելով, ընթերցեց այն նամակը, որը մի քանի րոպե  անց պատրաստվում է ուղարկել Սերժ Սարգսյանին:

«Սա առաջարկ է ժողովրդի հետ մեկտեղ, որ մենք պատրաստ ենք հանդիպել կես ճանապարհին, հաղթահարել համազգային հիմնախնդիրը, հանգուցալուծում տալ, փոխել մեր երկրի կամքը, մենաշնորհները, արտագաղթը և այլ: Ժողովուրդը դա է ուզում, ես էլ՝ որպես ժողովրդի մաս, ևս ուզում եմ դա»,- հայտարարեց նա:

Հովհաննիսյանն ասաց, որ նամակը վերաբերում է երկու առաջարկներին՝ մեկն ամբողջական, մյուսը՝ «չնեղանաք ինձնից, գողացված, կեղծված, հակահայական, հակասահմանադրական ընտրություններով հանդերձ, եթե ուզում եք շարունակել որպես դե-ֆակտո նախագահ, նաև այդ հնարավորությունը պետք է տամ ձեզ»:

Կարդալով նամակի բովանդակությունը Ր. Հովհաննիսյանն ասաց, որ առաջարկները հետևյալն են՝ նախագահական արտահերթ նոր ընտրությունների անցկացում՝ այս տարվա ընթացքում, առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից՝ այդ պաշտոններում ժողովրդի՝ հանձինս Հովհաննիսյանի մարդկանց նշանակում, հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի, գյուղապետերի ազատում, բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում՝ քրեական պատասխանատվության ենթարկել մարզպետների, կուսակցությունների պատասխանատուներին, կառավարության և ծառայությունների թվից հետևյալ ոլորտների ղեկավարների  նշանակում ժողովրդի՝ հանձին Հովհաննիսյանի ներկայացրած անձանց՝ ՀՀ գլխավոր դատախազություն, Հարկային և Մաքսային պետական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն, ԱԳՆ, ԿԳՆ, Վերստուգիչ պալատ, Արդարադատության խորհուրդ, Հակակոռուպցիոն հանձնաժողով:

Տեսանյութեր

Լրահոս