
12-ամյա երեխայի վրաերթից հետո Սարալանջի ճանապարհին կոտրել են վրաերթ կատարողի ավտոմեքենան

Երեկ ՝մարտի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 40-ամյա Դիանա Բեգլարյանը, վարելով «Մազդա» մակնիշի 858 ՍՍ 63 համարանիշի ավտոմեքենան, Սարալանջի նորակառույց ճանապարհին՝ Սարի Թաղ 1-ին շարքի թիվ 13 տան դիմաց, վրաերթի է ենթարկել Սարի Թաղ 2-րդ շարքի 20 տան բնակիչ, 12-ամյա Զինա Սաֆոյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ինչ-որ անձինք, բարկացած վրաերթի փաստով, կոտրել են «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի հետնապակին, և անգամ ՃՈ աշխատակիցները չեն կարողացել հանգստացնել բարկացած քաղաքացիներին, ինչի համար դեպքի վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ-քննչական խումբը։
Վրաերթի փաստով զբաղվում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժինը, իսկ ավտոմեքենան վնասելու փաստով՝ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկված երեխան սովորում է Երևանի թիվ 39 դպրոցի 5-րդ դասարանում։