«Դա միայն Ծառուկյանին է պօ պլիչու». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին Հայաստանի մարքսիստական կուսակցությունը չի մասնակցի: Պատճառը ֆինանսական խնդիրներն են: Անցյալ տարվանից սկսած և ընթացիկ տարվա այս եռամսյակում կուսակցությունը ոչ մի ֆինանսական գործառույթ չի իրականացրել:
«Նաշա կազնա պուստա»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: Բայց դա չի նշանակում, որ Հայաստանի մարքսիստները Երևանի ավագանու ընտրություններին անմասն կմնան: «Ես կլինեմ ԲՀԿ-ի կողքին՝ որպես նրա հրեղեն ոգեշնչողը և գաղափարական ջահակիրը»,- ասաց Դավիթ Հակոբյանը:
Իր այդ քայլը Հայաստանի թիվ մեկ մարքսիստ Դավիթ Հակոբյանն այսպես է մեկնաբանում. «Սա ոչ թե դասական օրթոդոքսալ մարքսիզմի ռևիզիա է, այլ արդյունաբերական և գաղափարական կապիտալի միասնականության դաշինք»:
Իսկ թե ինչ նկատառումներով է մարքսիստը հույսեր կապում ԲՀԿ-ական ավագանու հետ, մեր զրուցակիցն ասաց. «Այսօր մեզ անհրաժեշտ է խաչ քաշել հիպոթեքային և էլիտար շինարարության վրա և լայն, աշխատավոր մասսայի համար բնակարանաշինություն սկսել: Ժողովուրդը պետք է Ծառուկյանին պարտադրի վերցնել իր ուսերի վրա այդ քաղաքաշինական խնդիրները: Ես հարգում եմ Տարոն Մարգարյանի բոլոր դրական կողմերը, բայց դա միայն Ծառուկյանին է պօ պլիչու»»: