Բաժիններ՝

Որդեկորույս մայր. «Տղաս չկա, իսկ նա ողջ է, էլ ինչ ասեմ»

Կոնդ թաղամասում խուլիգանական դրդումներով կատարված սպանության գործով մեղադրող դատախազ Հայկ Էյրամջյանը միջնորդել է հիմնական ամբաստանյալ Հարություն Թանապուրյանին հանցավոր ճանաչել և դատապարտել 19 տարվա ազատազրկման։ Դատախազը մեղադրական ճառով հանդես է եկել այսօր՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ըստ նրա՝ նախաքննության և դատաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է խուլիգանական դրդումներով Մերուժան Մինասյանին սպանելու համար ամբաստանյալ Թանապուրյանին առաջադրված մեղադրանքը։ Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Հիշեցնենք, որ Մ.Մինասյանը սպանվել է 2012թ. հունվարի լույս 4-ի գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, Կոնդ թաղամասում։

Գործով անցնող մյուս ամբաստանյալը՝ Հարություն Մկրտչյանը մեղադրվում է Հարություն Թանապուրյանի հետ Կոնդ թաղամասում դանակի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Դատախազի գնահատմամբ հիմնավորվել է նաև Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը և միջնորդեց նրան ևս հանցավոր ճանաչել ու դատապարտել 4,5 տարվա ազատազրկման: Միաժամանակ մեղադրողը միջնորդեց ամբաստանյալ Հարություն Մկրտչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը փոփոխել կալանավորման և նրան արգելանքի վերցնել դատական նիստերի դահլիճից:

Ճառով հանդես գալու իրավունք ուներ նաև տուժողի իրավահաջորդը՝ Մերուժան Մինասյանի մայրը, ով դատարանի առաջարկին ի պատասխան արձանագրեց «տղաս չկա, իսկ նա ողջ է, էլ ինչ ասեմ»:

Նախատեսվում է, որ ամբաստանյալների պաշտպանները պաշտպանական ճառով հանդես կգան մարտի 29-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս