
Քաղաքաշինության նախարարությանը տրամադրվել է 407.5 միլիոն դրամ՝ մշակութային նպատակներով

Կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել ավելի քան 407.5 մլն դրամ, որով ապահովվելու են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի պահպանումը, վերակառուցումը և արդիականացումը, Հայաստանի ազգային գրադարանի հակահրդեհային և տեխնիկական անվտանգության համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մասնակի հարդարման և նորոգման աշխատանքի կատարումը։ Վարչապետի տեղեկացմամբ, Մ. Սարյանի տուն-թանգարանի վերակառուցման հանձնարարությունը ՀՀ նախագահը տվել էր դեռևս անցյալ տարի, սակայն բավական երկար բանավեճ էր ծավալվել ճարտարապետական լուծումների վերաբերյալ։ Այժմ բոլոր փորձաքննություններն ավարտվել են, առաջարկվող լուծումներն ամենքի կողմից ընդունելի են, և փաստաթուղթը վերջնական տեսքի է բերված, հետևաբար` վերակառուցումը կարելի է սկսել։