
Բախվել են փոխոստիկանապետի «Mercedes»-ն ու գործարարի «Lexus»-ը

Այսօր՝ մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 21:40-ի սահմաններում Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում՝ «կինոյի» մոտ, բախվել են 47-ամյա Եղիշե Ղարիբյանի վարած «Mercedes» մակնիշի՝ 50 LO 400 համարանիշի և 37-ամյա Արամ Բարսեղյանի վարած «Lexus» մակնիշի՝ 01 AQ 010 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:
Տեղում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Mercedes»-ի վարորդ Ե. Ղարիբյանն աշխատում է ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, իսկ «Lexus»-ի վարորդ Ա. Բարսեղյանը անհատ ձեռներեց է:
Երկու վարորդները ենթարկվելու են բժշկական փորձաքննության՝ պարզելու սթափության աստիճանը: