Ըստ Հայրիկյանի՝ իրական պատվիրատուները բացահայտված չեն

Պարույր Հայրիկյանն ակնկալում է, որ ողջամիտ ժամկետում կբացահայտվեն իր դեմ իրականացված մահափորձի պատվիրատուները, քանի որ ներկայիս կալանավորվածները ընդամենը փոքրագույն մասնիկներն են։ «Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում նման հայտարարությամբ է հանդես եկել Պ.Հայրիկյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանը հրապարակել է Պ.Հայրիկյանի հայտարարությունը, ըստ որի՝ Պ. Հայրիկյանը գտնում է, որ «սույն քրեական գործով կալանավորված անձինք ընդամենն այս հրեշավոր հանցագործության, հանցագործություն, որն ուղղված էր ինչպես Պարույր Հայրիկյանի անձի, այնպես էլ՝ երկրի անվտանգության դեմ, փոքրագույն մասնիկն են, ինչպես նաև հաշվի առնելով հանցագործության բնույթն ու հասարակական հնչեղությունը՝ հրապարակայնորեն պետական լիազոր մարմնից պահանջում է. Ողջամիտ ժամկետում բացահայտել իրական պատվիրատուին (պատվիրատուներին), որի (կամ որոնց) հանձնարարությամբ 2013 թվականի հունվարի 31-ին քաղաքական գործչի նկատմամբ տեղի ունեցավ հանցագործություն՝ մահափորձ, որն ավարտին չհասցվեց ոչ իրենց կամքով»:

Ինչ վերաբերում է Պ.Հայրիկյանի առողջական վիճակին, ապա ԱԻՄ ներկայացուցչական խորհրդի անդամ Մանյա Այվազյանի տեղեկացմամբ, առաջընթաց չի նկատվում եւ բացառված չէ, որ Հայրիկյանը բուժվելու նպատակով մեկնի արտասահման:

Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին` ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Մահափորձը պատվիրելու համար մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Տեսանյութեր

Լրահոս