Կմասնակցեն միայն «Ժառանգության» հետ

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը դեռևս քննարկում է ընդունե՞լ «Ժառանգություն» կուսակցության` մայիսի 5-ի Երևանի ավագանու ընտրությունների  միասնաբար մասնակցելու առաջարկը, թե՞ ոչ: Կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանն ասում է, որ իրենց համար էական նշանակություն ունի, թե ովքեր կընդգրկվեն ցուցակում:

«Մենք դեռ քննարկման փուլում ենք, չենք կարողացել հստակ պատասխան տալ, վերջնական չենք կողմնորոշվել: Հարցն այն է, թե դաշինքի մեջ ովքեր են մտնելու: Մենք ընդհանրապես խուսափում ենք մեզ համար անորոշ կամ կասկածելի դաշիքներին մասնակցելուց»,- 168.am-ին ասաց ՀԱՍԿ կուսակցության նախագահը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի նախագահի ընտրություններում ՀԱՍԿ-ը միակ կուսակցությունն էր, որը պաշտոնապես «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը: Նրա խոսքով՝ ինքը չի պատկերացնում այն դաշինքի կամ միասնական ցուցակի հետագա աշխատանքը, որտեղ ընդգրկված կլինի ՀԱՍԿ-ը, ՀԱԿ-ի հետ հարաբերությունները դադարեցրած Մանուել Գասպարյանի «Ժողովրդական ուղի» կուսակցությունը, Պետրոս Մակեյանի ղեկավարած «Ժողովրդավարական հայրենիքը», ՀԱԿ-ից հեռացած Հայաստանի պահպանողական կուսակցությունը, և այլն: Ամեն դեպքում անհրաժեշտ տեղեկանքները ՀԱՍԿ-ում վերցրել են, և եթե վերջնական որոշում կայացվի, տեխնիկապես պատրաստ կլինեն:

Հարցին, թե ընտրություններին չմասնակցելու դեպքում ՀԱՍԿ-ը կսատարի՞ «Ժառանգությանը», Մովսես Շահվերդյանը պատասխանեց. «Դե, արդեն մտածելու բան է, չեմ կարող ասել, նայած՝ ինչ իրավիճակ կստեղծվի»:

Նա նշեց նաև, որ իրենց հոգեհարազատ է նաև «Բարգավաճ Հայաստանի» գաղափարախոսությունը, և 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ հենց այդ ուժին էլ սատարել են:

Առայժմ կուսակցության դիրքորոշումը հստակ է մի հարցում. առանձին ցուցակով  հաստատ չեն մասնակցի: Մեր այն հարցին, թե արդյոք կուսակցությունը, Երևանի ավագանու ընտրություններին նախորդ պատկերն ունենալով, չի խուսափո՞ւմ միայնակ մասնակցելուց, ՀԱՍԿ նախագահը պատասխանեց. «Մենք նախորդ ընտրություններին մասնակցեցինք, որովհետև կուսակցությունը երկար ժամանակ մի տեսակ ստվերում էր մնացել, դրանով մենք ցանկանում էինք վերադառնալ քաղաքական դաշտ: Նախորդ ընտրություններում մենք նպատակ էլ չունեինք ինչ-որ ցուցանիշներ ապահովել: Մենք առանձին ջանքեր էլ  չգործադրեցինք»: Նա նաև հավելեց, թե իրենք գիտեն` իրենց ձայները մի քանի անգամ ավելի շատ էին, պարզապես հնարավորություն չունեցան դրանց տեր կանգնել:

Հիշեցնենք, որ 2009թ. մայիսի 31-ի Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող միակ ոչ ֆավորիտ կուսակցությունը հենց ՀԱՍԿ-ն էր և հավաքեց 1936 քվե: Ի դեպ,  2009թ., երբ ՀԱՍԿ-ն առաջադրվեց Հայ ազգային կոնգրեսում (ՀԱԿ) միանգամից տեսակետներ հնչեցին, թե սա իշխանությունների ստեղծած պրոյեկտն է, որպեսզի ընտրողների մոտ շփոթություն առաջանա, սակայն Մովսես Շահվերդյանը  հրավիրած մամուլի ասուլիսում հերքեց այդ ենթադրությունը` նշելով, որ քվեաթերթիկների վրա գրվում է կուսակցության ամբողջական անվանումը և ոչ թե հապավումը:

Տեսանյութեր

Լրահոս