Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով մասով այսօրվա դատական նիստը չի կայացել
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի, սպանության պատվիրատուի մասով այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ վկա Արմեն Բեկջանյանի չներկայանալու պատճառով: Որպես լրացուցիչ վկա նա դատարան է հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ իր տեղեկություններով, վկան քաղաքում չէ և առաջարկեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքները: Մեղադրող Արմեն Մարուխյանն առարկեց առաջարկի դեմ՝ հայտարարելով, որ առկա չէ որևէ փաստաթուղթ վկայի՝ Երևանից կամ երկրից բացակայելու մասին:
Դատարանը գտավ, որ վկան պատշաճ չի ծանուցվել՝ նրանց տուն փոստից զանգահարել են և ասել, որ նամակ ունեք, ոչ ոք չի եկել նամակը ստանալու, ուստի դատարանը նորից նրան կծանուցի մարտի 28-ի դատական նիստին ներկայանալու մասին: