Բաժիններ՝

«Կա´մ սաղս կերթանք, կա´մ` մե հոգիմ, որ մնացածը շնչեն». տաքսիստների բողոքի ակցիան Գյումրիում (տեսանյութ)

Գյումրիում այսօր բողոքի ցույց էին կազմակերպել տաքսի մեքենաների անհատ վարորդները: Նրանք այս անգամ դժգոհել են ոչ թե մեքենաների լիցենզավորման գործընթացից, այլ Գյումրու փողոցներում ստեղծված ընդհանուր իրավիճակից: Նրանք հավաքվել են Գյումրու շուկային հարակից տարածքում եւ ներկայացրել այն խնդիրները, որոնց առաջ կանգնել են վարորդները վերջին մի քանի օրերին: Մեքենաների խափանումները պարբերական են դարձել, աշխատած գումարով արդեն չեն կարողանում չնչին ծախսեր անգամ հոգալ: Անհատ տաքսի մեքենաների վարորդները որոշել են հրաժարվել մեքենաների տեխզննության համար նախատեսված տարեկան գումարից, ինչպես նաև` գույքահարկից:

 

«Մենք էդքան փող կմուծենք մեքենաների համար, էսօր իմ մեքենաս ջարդել է էս փոսերի մեջ, ու ո՞վ բդի սարքե ես, ո՞վ բդի փող ծախսե, իսկ որտեղից ծախսեմ` չկա, փող չկա, ես էսօր ընդամենը 500 դրամ եմ աշխատել, ինչ էնեմ, ընձի պետք է ավտոս սարքելու համար ամենաքիչը 5 հազար դրամ, ես էս ջարդված ավտոյով կռնա՞մ մինչև օրվա վերջ էդքան փող աշխատիմ, որ էս ավտոն սարքել տամ, ո՞վ կռնա ընձի էդ հարցի պատասխանը տա»,-նշել է գյումրեցի տաքսիսիտներից մեկը:

Մյուս վարորդն էլ նշել է, որ այսօր տաքսի վարելը եկամտաբեր չէ, ուղղակի քաղաքում աշխատատեղեր չկան, եվ շատերը ստիպված դեռևս չեն հրաժարվում տաքսի վարել.

«Ես մե բանմ գիդեմ` կա´մ սաղս բդի թողնինք էրթաինք էս երկրից, կա´մ մե հոգիմ կա, բդի էրթա, որ մենք քիչմ շնչենք: Հնարավոր չէ՞ էս երկրորդ քաղաքին քիչմ նայել, լավ, Երեվան էդքան փողոց կսարքեն, ի՞նչ միջոցներով, թող քանիմ փողոցի գումար էլ Գյումրուն տան, ինչ կեղնի ո՞ր` բյուջեի գումարները կպակսի՞ն: Կսեն` էգուց մյուս օր էլ գազի գինը էլի բդի բարձրանա, էրթանք կորինք էլի»,-նշել է գյումրեցի տաքսիստը:

Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը մեր լրագրողի հետ զրույցում նշել է, որ հենց այսօրվանից Գյումրու փողոցներում մեկնարկել են խճապատման աշխատանքներ, իսկ ասֆալտապատման եվ փոսալցման աշխատանքներ քաղաքում կկատարվեն ապրիլ ամսին: Քաղաքապետարանի պաշտոնյան վարորդների բողոք-դժգոհությունները տեղին է համարում:

Գալա TV

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս