
Հայաստանի կանաչների կուսակցությունը չի մասնակցելու ընտրություններին

ՀԱԿ անդամ, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովալթյանը հայտարարել էր, թե հնարավոր է իր գլխավորած կուսակցությունը նույնպես մասնակցի Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:
Հիշեցնենք, որ Հայաստանի կանաչների կուսակցությունը փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում սատարում էր նախագահի թեկնածու, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Արմենակ Դովլաթյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե հնարավոր է՝ «Ազատություն» կուսակցության հետ միասնաբար մասնակցեն առաջիկա ավագանու ընտրություններին:
Սակայն, պարզվեց, կուսակցությունը որոշումը փոխել է և չի մտնելու ընտրապայքարի մեջ: «Ուղղակի այսօրվա պայմաններում ցանկություն չունենք ավելորդ էներգիա ծախսել անիմաստ բաների վրա: Մենք այդքան ֆինանսական ռեսուրսներ չունենք, որ այդպիսի ծախսեր անենք: Դրանք հետագայում այլ նպատակների վրա կծախսվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Արմենակ Դովլաթյանը:
Նա նաև նշեց, որ ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ ինքն առաջարկ չի ստացել Հայ ազգային կոնգրեսի կողմից:
Հիշեցնենք, որ «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը այսօր 168.am-ի հետ զրույցում ասել էր, թե չի ցանկանում խոսել առաջիկա ընտրությունների մասին: Կմասնակցի՞ առհասարակ «Ազատությունը» ավագանու ընտրություններին, թե՞ ոչ, ևս հայտնի չէ: «Հայտարարություն կլինի այդ մասին, կիմանաք»,- 168.am-ին ասել էր Հրանտ Բագրատյանը:
Անահիտ Փիլոսյան