Կուշտն ի՞նչ գիտի՝ սովածն ինչ է. մամուլ
«Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում երկրորդ ասուլիսը, որին հրավիրված են եղել միայն ընտրյալները՝ «ազատ և պատասխանատու» լրատվամիջոցների ներկայացուցիչները։ Հասկանալի է՝ նպատակը Սերժ Սարգսյանին անցանկալի հարցերից զերծ պահելն ու նախապես ծրագրված հարցերին պատասխանելն է»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու շարունակում.
«Բայց նույնիսկ այդ պարագայում Սերժ Սարգսյանը խայտառակվելու հերթական առիթը բաց չթողեց։ Հիշո՞ւմ եք՝ ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի օրերին նա, «ոսկե սարերին» զուգահեռ, նաև դիմացինի հետ «դուք»–ով խոսելու կարևորությունն էր մատնանշում։ Եվ ահա, «Ազատության» լրագրողի հարցին, թե չեք գնա Ազատության հրապարակ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Իսկ դու լինեիր իմ փոխարեն, կգնայի՞ր։ Կամ եթե գնայիր, ինչի՞ համար կգնայիր»։ Բայց սա ամբողջը չէ։ Դեռ ամիսներ առաջ մարդասիրություն քարոզող Ս. Սարգսյանը տարակուսել է. «Գնամ, ինչի մասին բաևակցեմ աշխարհի վրա դառնացած և արդեն ութ օր սոված մարդու հետ»։
Պատկերացնո՞ւմ եք, երկրի նախագահի աթոռին բազմած Սարգսյանը սոված մարդուն «մարդատեղ» չի դնում։ Ու, թերևս, սա է պատճառը, որ 35 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրի բնակչության ճակատագիրը չի հետաքրքրում Սերժ Սարգսյանին»։