Փաստաբանը միջնորդել է արդարացնել Սամսոն Ղազարյանին

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝  ընդդեմ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, կայացված մեղադրական դատավճռի:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Ս.Ղազարյանի պաշտպան  Վարդան Զուռնաչյանը, վերաքննիչ դատարանին միջնորդել են բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ:

Առաջին ատյանի դատարանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամին ու  նախկին պատգամավորին դատապարտել  էր  4 տարվա ազատազրկման՝  հաստատված համարելով ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի  3-րդ մասի 1-ին կետով ու այդ հոդվածով դատապարտել 4 տարվա ազատազրկման:

Դատարանը միաժամանակ  վաշխառության հոդվածը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով,  վերաորակել էր   նույն հոդվածի  1-ին կետով և այդ հոդվածով նշանակված 1 տարվա ազատազրկման պատժից ազատել՝   կիրառելով ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ  ընդունված համաներման մասին որոշումը:

Գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազ Սամվել Հարությունյանն իր մեղադրական ճառում հիմնավորված էր համարել առանձնապես խոշոր չափերի խարդախության և տուժողին ծանր կացության հասցրած վաշխառության՝ ամբաստանալ Սամսոն Ղազարյանին ներկայացված մեղադրանքը և միջնորդել ամբաստանյալին դատապարտել 5 տարվա ազատազրկման: Պաշտպանական կողմը, հակառակը,  գտնում էր, որ մեղադրանքն անհիմն է, ուստի միջնորդել էր  կայացնել արդարացման դատավճիռ:

Տեսանյութեր

Լրահոս