ՄԱՊ-ի Ալիկը կկանչվի՞ դատարան

47-ամյա Սիլվա Խաչատրյանն այժմ կալանքի տակ է, իսկ նրա երկու անչափահաս երեխան և 86-ամյա` անկողնային հիվանդ մայրը մնացել են փողոցում, քանի որ բանկին ունեցած պարտքի պատճառով նրանց տունը աճուրդով վաճառել են ու ընտանիքի անդամներին վտարել տնից: 16-ամյա որդուց արդեն մի քանի օր է լուր չկա: Այս մասին տեղեկացնում է yerkir.am-ը:

Մեղադրականի համաձայն` Սիլվա Խաչատրյանը 2005 թվականից, բանավոր պայմանավորվածության համաձայն,  մինչև 06.05.2009 թվականը իրականացրել է «ՄԱՊ» ՓԲԸ-ի կողմից արտադրված և իրեն վստահված տարբեր տեսակի գինիների, կոնյակների և պահածոների առաքում ԼՂՀ-ի տարածքում: Իսկ 11.05.2009թ. արդեն Ա/Ձ Ս.Խաչատրյանի և ընկերության միջև կնքվել է ապրանքների մատակարարման պայմանագիր և համապատասխան հաշիվ-ապրանքագրերով իրեն վստահված ապրանքները մինչև 31.12.2011թ. Ս. Խաչատրյանը կրկին վաճառել է ԼՂՀ-ի տարածքում: Նշված ժամանակահատվածում Ս.Խաչատրյանը ընկերության գույքը շարունակաբար հափշտակելու դիտավորությամբ վաճառքից ստացված ապրանքների` առանձնապես խոշոր չափի հասնող` 32935.1 հազ. ՀՀ դրամ գումարը չի մուտքագրել դրամարկղ, այլ ՓԲԸ-ին ցույց է տվել որպես չվաճառված ապրանք և նշված գումարը ծախսել է իր անձնական կարիքների համար:

Սակայն կինն իրեն ներկայացված այս մեղադրանքը համարում է ապօրինի: Ինչպես Yerkir.am-ին հայտնեց նրա պաշտպան Գեղամ Հակոբյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 15-ին տեղի ունեցած այս գործով դատական նիստի ժամանակ Սիլվա Խաչատրյանը, որպես բողոք իր դեմ սկսված ապօրինի քրեական հետապնդման, հացադուլ է հայտարարել:

Նիստի ժամանակ Սիլվա Խաչատրյանը միջնորդություն է ներկայացրել նաև դատարան հրավիրելու և որպես վկա հարցաքննելու «ՄԱՊ» ՓԲԸ փաստացի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին: Կինը հայտարարել է, թե այս գործում միակ ազնիվ մարդը պարոն Պետրոսյանն է, իսկ ընկերության մյուս աշխատակիցներն  իր «գլխին սարքում» են, նաև թալանում ու խաբում են պարոն Պետրոսյանին, նրան կեղծ տվյալներ են ներկայացնում, որի վերաբերյալ ունի բազմաթիվ փաստեր: Ու թե բոլոր պայմանավորվածությունները եղել են Ա. Պետրոսյանի հետ, ու միայն նա կարող է հաստատել իր անմեղությունը:

Ինչպես նշում է փաստաբան Գեղամ Հակոբյանը, մեղադրող դատախազը չի առարկել պատգամավորին դատարան հրավիրելու միջնորդության դեմ, իսկ նախագահող դատավոր Ա. Ադամյանը ակնհայտ խուճապի է մատնվել ու Ազգային ժողովի պատգամավորին դատարան հրավիրելու վերաբերյալ միջնորդությունը չի քննարկել: Այդ միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու համար դատական նիստը հետաձգել է:

Հ.Գ. Սիլվա Խաչատրյանը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութեր

Լրահոս