Սաքունցը չի ընդունի առաջարկը
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա.Վանաձորի գրանսենյակ» հ/կ-ի նախագահ Արթուր Սաքունցը տեղյակ չի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` երեկ Ազատության հրապարակում հնչեցրած ստվերային կառավարության կազմից, որտեղ առկա է նաև իր անունը: Նա մեզ հետ զրույցում ասաց, թե չի պատրաստվում աշխատանքի անցնել գործադիր մարմնում:
«Դա իրենց մոտեցումն է, իրենց կարծիքն է: Ես զբաղվում եմ իրավապաշտպանությամբ, ես չեմ մտածում նույնիսկ, որ իմ գործունեությունը կդադարեցնեմ: Ես բազմիցս ասել եմ, որ չեմ ուզում խառնել իմ գործունեությունն իշխանության որևէ գործունեության հետ: Նույնիսկ լավագույն գործադիր իշխանության կազմում ինձ չեմ տեսնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արթուր Սաքունցը, ում անունը, ինչպես նշեցինք՝ նույնպես կար Նիկոլ Փաշինյանի հրապարակած կազմում:
Նա բնական համարեց, որ իրեն կարող էին ներառել նման ցանկում` առանց իր գիտության: «Եթե հանրային, հասարակական գործունեություն ես իրականացնում և որոշակի հարցերի շուրջ ներկայացնում ես դիրքորոշումներ, դրանք բոլորն էլ հանրային ընկալում ունեն: Դրա նկատմամբ տարբեր ուշադրություն կարող է լինել: Բնական է, որ մեկին դուր կգա գործունեությունդ, մեկին դուր չի գա»,- ասաց Արթուր Սաքունցը: Նա նշեց, որ առհասարակ տեղյակ չէ, թե ցուցակում էլ ովքեր կան ընդրգրկված:
Արթուր Սաքունցը նկատեց, որ ցանկալի չէ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ընդգրկումը պետական կառավարման օղակներում, քանի որ դա մեծապես թուլացնում է հենց հասարակական հատվածը, ինչպես դա եղավ Վրաստանում, երբ հասարակական կազմակերպություններից շատերն ընդգրկվեցին մեկ Միխայիլ Սահակաշվիլիի կազմած կառավարության կազմում, մեկ` Բիձինա Իվանիշվիլիի: Արդյունքում, ըստ Արթուր Սաքունցի, քաղաքացիական հասարակությունը Վրաստանում մեծապես տուժեց: Նրա կարծիքով, անկախ իշխանության որակից, պետք է հասարական կազմակերպությունները վերահսկողություն իրականացնեն, ինչն էլ իրենք անում են: