Բաժիններ՝

Դամասկոսում հայ զինվոր է զոհվել

Դամասկոսում հայ զինվոր է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Բերիո առաջնորդարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, Դամասկոսի արեւելյան արվարձաններից Մլեհա-Ջարամանա շրջանում զինված բախումների հետեւանքով մարտի 15-ին զոհվել է Սիրիայի բանակի ծառայող հայազգի Վազգեն Իսհակ Տաղլյանը:

21-ամյա երիտասարդի հուղարկավորության արարողությունը կկատարվի մարտի 17-ին Դամասկոսի Սբ Սարգիս եկեղեցում:

Սիրիայում ընթացող բախումների ընթացքում 2012-ի մայիսի 29-ին զոհվել էր հայազգի մեկ այլ զինվորական եւս` Լեւոն Կույումջյանը:

Սիրիայում շուրջ երկու տարի շարունակվող բախումների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 70 հազարը, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցում է չորս տասնյակը: Փախստականների հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռեյմ աս Սալիմը հայտարարել է, որ սիրիացի փախստականների թիվը վերջին շաբաթվա ընթացքում ավելացել է տասը տոկոսով:

Փախստականների հարցերով զբաղվող կոմիտեն նախորդ շաբաթվա ընթացքում տեղեկացրել էր, որ փախստականների թիվը Հորդանանում, Լիբանանում, Իրաքում եւ Թուրքիայում, ինչպես նաեւ Եգիպտոսում եւ այլ երկրներում հասել է մեկ միլիոնի: Ստացված տեղեկությունների համաձայն` փախստականների թիվը օրական ավելանում է մի քանի հազարով: Հորդանանում սիրիացի փախստականների թիվը հասնում է 330 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս