
Բեռնատար «Վոլվո»-ն հարվածել է «Գազել»-ին, «Վազ 2109»-ին. 3 ավտոմեքենաներն էլ կողաշրջվել են. կա զոհ և վիրավորներ (լուսանկարներ)

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 37-ամյա Մերսիկ Բալասանյանը, վարելով «Վոլվո» մակնիշի բեռնատարը, Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշի գյուղի հատվածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել է Երևանի բնակիչ, 35-ամյա Ներսես Ալեքյանի վարած «Գազ 33021» 03 ՍԼ 193 համարանիշի ավտոմեքենային, իսկ հետո՝ Երևանի բնակիչ Մելիք Գալստյանի վարած «Վազ 2109» մակնիշի 03 ՏԼ 109 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վազ 2109»ը- ու «Գազ»-ը կողաշրջվել են, իսկ «Վոլվո» բեռնատարը մոտ 100 մետր վթարված վիճակում ոլորաններում անցնելուց հետո նույնպես կողաշրջվել։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Վոլվո»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ «Գազ 33021»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
«Վոլվո»-ն ամբողջովին բարձած է եղել արևածաղկի ձեթով, որն ամբողջովին թափվել է։