Լճաշենում հափշտակել են թոշակառուների գումարները
Ավելի քան 5 միլիոն դրամի յուրացման համար է մեղադրվում Սևան քաղաքի բնակիչ Աննա Մելիքյանը: Վերջինս «Հայփոստ» ՓԲԸ Սևան մասնաճյուղի Լճաշենի փոստային բաժանմունքի տնօրենն էր:
Իրավապահները պարզել են, որ պաշտոնավարման ընթացքում օգտագործելով պաշտոնեական դիրքը 2012թ. դեկտեմբերի 5-7-ը ժամանակահատվածում յուրացման միջոցով նա հափշտակել է իր վստահությանը հանձնված 5 177 810 դրամ:
Այդ գումարը երկնքից չէր ընկել: Մասնավորապես` Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի կենսաթոշակառուների կենսաթոշակների վճարման համար նախատեսված 3 607 830 դրամն էր, նպաստառուների վճարման համար նախատեսված 108 000 դրամը, պատվովճարների վճարման համար նախատեսված 6000 դրամը, բաժանմունքում քաղաքացիների կողմից որպես կոմունալ վարձավճարներ մուծված 1 383 750 դրամը, ինչպես նաև կոմերցիոն ապրանքների վաճառքից գոյացած 72 230 դրամը:
Վերոնշյալ արարքի համար Աննա Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշով, այսինքն` առանձնապես խոշոր չափերով յուրացման համար: