Բաժիններ՝

Կոնկրետ մտահոգություններ. մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Մենք՝ հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր՝ «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» և «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարողանում բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա և այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով և կոնկրետ խնդիրներով:

Ես չեմ ուզում, որ դասախոսներին ազատեն աշխատանքից՝ իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար: Ես չեմ ուզում, որ Սևանի քաղաքապետի մասին իր կարծիքը հայտնած կնոջը քարշ տան ոստիկանություն: Ես չեմ ուզում, որ իշխանական թիմում լինեն «ընտրությունների ժամանակ ձայներ բերող» տղերք կամ խմբեր, որովհետև հետագա 5 տարիների ընթացքում այն «տղերքն» ու խմբերը շատ թանկ են նստում պետության և հենց իշխանության վրա:

Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը գրվի փոքրատառով, որովհետև նախ՝ դրա մեջ որևէ հերոսականություն չեմ տեսնում, դա այսօր միանգամայն անվտանգ զբաղմունք է, երկրորդ՝ դրանից ո՛չ երկրից գնացող մարդկանց թիվն է պակասում, ո՛չ էլ կոռուպցիան: Ես չեմ ուզում, որ Թոխմախի Մհերը կամ Շմայսը լինեն պատգամավորներ՝ զբաղեցնելով ավելի գրագետ և ավելի բանիմաց մարդկանց տեղը: Ես չեմ ուզում, որ Սուրիկ Խաչատրյանը լինի մարզպետ, որովհետև հենց նման մարդկանց պատճառով են դատարկվում մեր քաղաքներն ու գյուղերը: Ես չեմ ուզում, որ մի թեկնածուի կողմնակիցները մյուս թեկնածուի կողմնակիցներին համարեն թշնամի, սադրիչ, ծախված և այլն:

Ես չեմ ուզում, որ հրապարակներում կազմվեն «պրոսկրիպցիոն» ցուցակներ՝ այն մարդկանց, ովքեր «ժողովրդի» հետ չէին և «ռեժիմի» դեմ չէին պայքարում: Ես չեմ ուզում, որ «ստվերային», իսկ այնուհետև՝ ընդդիմության հաղթանակի դեպքում «լուսավոր» կառավարության կազմի մեջ լինեն մարդիկ, որոնք առավել բարձր են գոռում հանրահավաքներում. դրա փորձը մենք մասամբ ունենք՝ 1988-ի Շարժումից հետո:

Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա բանտից: Վերջապես, ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր քաղաքական գործիչները գոնե մի քիչ նման լինեն տիկին Անահիտ Բախշյանին:

Այդ ամենին քաղաքականացված և վերացական մտածողության բարձունքները նվաճած իմ հայրենակիցները կպատասխանեն. «Ամեն ինչ լավ կլինի, երբ ժողովուրդը տապալի ռեժիմը»: Շատ հնարավոր է: Հրաշալի կլիներ, որ «ժողովրդի» և «ռեժիմի» այդ (հուսով եմ՝ խաղաղ) մրցամարտից հետո Հայաստանում բարեկեցիկ և երջանիկ կյանք սկսվեր: Բայց չեմ կարծում, որ այն կլինի կատարելապես երջանիկ, այնքան երջանիկ, որ դարձյալ պետք չլինի մտածել կոնկրետ մարդկանց և կոնկրետ երևույթների մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս