«Վահե Ավետյանի մարդասպանները պատասխան են տալու». Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

Այսօր Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության երիտասարդ ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը:

Վերջինս ընթերցեց Վահե Ավետյանի քրոջ՝ Վերոնիկա Ավետյանի նամակը, բայց մինչ այդ խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի «անվտանգության աշխատակիցների» կողմից ծեծված, դաժանաբար սպանված Վահե Ավետյանի հիշատակը:

Ընթերցված նամակում մասնավորապես ասված էր. «Ողջունում եմ բոլորիդ, ազնիվ ու արդար պայքարողներ: Նախապես ներողություն եմ խնդրում, որ չեմ կարողանում հարգելի պատճառներով ֆիզիկապես մասնակցել այս պայքարին: Սա բոլորիս պայքարն է: Այնուամենայնիվ, ես իմ սրտի խոսքն եմ ուզում ասել բոլորիդ:

Այն, ինչ պատահեց 9 ամիս առաջ մեր ընտանիքի հետ, անջնջելի հետք թողեց ոչ միայն մեր՝ Ավետյան գերդաստանի, այլև ողջ հայության կյանքում: Մենք պայքարում ենք հանուն արդարության, ու թող այս պայքարը բարևի, բարու, սիրո պայքար լինի, թող այլևս ոչ մի մայր արցունք չթափի, թող ոչ մի քույր եղբայր չկորցնի, ոչ մի երեխա հոր կարոտ չմնա:

Երանի, հազար երանի, որ ոչ մեկիդ ընտանիքում վիշտ ու ցավ չլինի, անգամ այն մարդկանց, որոնց հանցագործ ձեռքերով մենք հուշերով ենք ապրում: Պայքարը, որը ծնվել է հոգուս մեջ, այս անպատժելիության մթնոլորտի վերացման համար է, արդարության ու սիրո համար է:

Պարո՛ն Րաֆֆի Հովհաննիսյան, Ձեզ Աստվածային իմաստություն եմ ցանկանում, որպեսզի կարողանաք ճիշտ ուղով տանել հուսալքված ժողովրդին: Վերջում ուզում եմ ավելացնել, որ քանի Վահե Ավետյանի և մյուս անմեղ զոհերի արյունները թաց են, մենք իրավունք չունենք գլուխներս հանգիստ բարձին դնելու»։

Իր հերթին՝ Դավիթ Սանասարյանն ավելացրեց՝ դիմելով Վերոնիկա Ավետյանին. «Վերոնիկա, Վահե Ավետյանի մարդասպանները պատասխան են տալու նրա երեխաների առջև։ Երդվում եմ, որ նրանք ապրելու են ազատ, արդար Հայաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս