«Այո՛, ԵԺԿ նախագահը ձեռք է առնում ձեզ և մեզ բոլորիս». Հրանտ Տեր-Աբրահամյան
Ինչպես հայտնի է, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խիստ զարմացած է գործընկեր կուսակցության՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քննադատություններից, թե ինքը խախտել է ժողովրդավարության ու օրինականության եվրոպական սկզբունքները, երբ շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վերընտրության կապակցությամբ:
«Ես շատ զարմացած եմ այս փաստից։ Ընտրություններից մի քանի շաբաթ առաջ ես մեկնեցի Երևան և հանդիպեցի նաև Րաֆֆի Հովհաննիսյանին։ Նա շատ քաղաքավարի էր, և ամեն բան կարգին էր։ Դիտորդների գնահատականները շատ հստակ էին՝ այս ընտրություններում իրական առաջընթաց կար։ Իհարկե, ոչ բոլոր բարեփոխումներն էին իրագործվել, բայց առաջընթացը հսկայական էր, և ես կարծում եմ ՝ճիշտ չի լինի ասել, թե այս ընտրությունները կեղծված էին։ Կարծում եմ՝ Հայաստանի նախագահն իսկապես և ճիշտ ձևով ընտրվել է»,- ասել է Մարտենսը։
Ֆեյսբուքյան իր էջում հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադառնալով այս թեմային՝ գրել է.
«Այո՛, ԵԺԿ նախագահը ձեռք է առնում ձեզ և մեզ բոլորիս: Իսկ դուք ի՞նչ էիք ուզում: Քաղաքական աշխարհը բարի փերիների միջավա՞յր է: Ուզում էիք «ապակենտրոնացված», «բարի», «կրեածիվ» պայքար՝ առանց զանգվածային մոբիլիզացիայի, առանց հստակ քաղաքական լեզվի, առանց ուժային բևեռի ստեղծման, առանց ուժային բալանսի խախտման, ու հետո արտաքին աշխարհից զգույշ վերաբերմո՞ւնք: Երբեք Արևմուտքը ներկայացնող որևէ քաղաքական անձ այսքան լկտի չի արտահայտվել հայաստանյան ընդդիմության վերաբերյալ, երբե՛ք 1996-ից ի վեր: Որովհետև աշխարհում էլ, Եվրոպայում էլ, Հայաստանում էլ քաղաքականությունը ուժային բալանս է, այլ ոչ թե «բարի» ու «կրեածիվ» խաղ: Ցավով եմ գրում, վրդովմունքով եմ գրում, բայց, առարկայական փաստ է, ու ոչ ոք մեղավոր չէ, բացի հայ առաջադեմ մտավորականությունից, որը մտածում է աֆորիզմներով, այլ ոչ թե սիլոգիզմներով, որի համար քաղաքական գործընթացը կայֆ ու կառնավալ է, այլ ոչ թե միտք, կարգապահություն և կազմակերպվածություն»:
Նշենք, որ ԵԺԿ-ին Հայաստանից անդամակցում են Հայաստանի Հանրապետական, «Ժառանգություն» և «Օրինաց Երկիր» կուսակցությունները, սակայն այսօր Ազատության հրապարակում ունեցած իր ելույթում «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը կարող է վերանայել «Ժառանգության» անդամակցության հարցը, եթե Մարտենսի դիրքորոշումն ընդհանրական դառնա այդ կազմակերպության համար:
«Եթե սա է Եվրոպան, մեզ բնավ պետք չէ: Ես քննադատեցի Մարտենսին՝ ՀՀԿ-ի նախորդ համագումարում իր քիթը մեր ներքին գործերի մեջ խոթելու համար, որ գնաց և երեք անդամ կուսակցություններից մեկի կողմը բռնեց … Եվ հիմա ինքը հարցազրույց է տալիս ու ասում, թե իբր ես պատրանքի մեջ եմ: Դուք եք պատրանքի մեջ Հայաստանի ժողովրդի մասին, որովհետև մենք բերել ենք ձեր եվրոպական արժեքները, մեզի դաս չտա՛ք»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը: