Վարդան Ղուկասյանի փաստաթղթերը` շվեյցարական բանկում. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը երեկ բավական հետաքրքրաշարժ մի հայտարարություն է տարածել «Հժ»–ում տպագրված այն տեղեկության կապակցությամբ, ըստ որի Ղուկասյանի պաշտոնավարման շրջանի փաստաթղթային ստուգումների արդյունքում՝ ֆիննախը 440 միլիոն դրամի կեղծ ասֆալտապատման փաստաթղթեր է հայտնաբերել, որոնք կցված են դեռ ամիսներ առաջ հարուցված քրգործին ու չի բացառվում, որ Ղուկասյանը ևս առաջիկայում ներգրավվի այդ գործում։
Ղուկասյանի գրասենյակի խնդրանքով, իրենց հայտարարությունը տպագրում ենք ամբողջությամբ. «Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում իրականացված ասֆալտապատման աշխատանքների վերաբերյալ փաստաթղթերը ասֆալտապատված բոլոր փողոցների և նորոգման ենթարկված յուրաքանչյուր քառակուսի մետրի մանրամասն նկարագրերով, առկա են Գյումրու քաղաքապետարանում։ Ցանկացած հանձնաժողով ցանկացած պահի կարող է կրկին ուսումնասիրություն կատարել չնայած այն հանգամանքին, որ այդ փաստաթղթերը բազմիցս ստուգվել են տարբեր գերատեսչական հանձնաժողովների կողմից։ Կապալառու կազմակերպությունները, որոնք «մեղադրվում են 440 մլն դր. իբր կեղծ ասֆալտապատում» իրականացնելու համար, առաջիկայում կդիմեն դատարան Գյումրու քաղաքապետարանի ներկայիս ղեկավարության կողմից ֆինանսական տեռորի և թալանի ենթարկվելու և իրենց իրավունքները սահմանադրորեն պաշտպանելու համար»։
Երեկ այս հայտարարությունը Գյումրու տեղական լրատվամիջոցները ստացել են մի փոքր այլ տարբերակով։ Ըստ shirakcenter.org-ի, այնտեղ եղել է հետևյալ ձևակերպումը «նշված փաստաթղթերի կրկնօրինակները պահվում են նաև շվեյցարական բանկերից մեկում»։