«Ես ծանր չեմ տանում, բայց նման պահվածքը իրենց սազական չէ». Վարդան Պետրոսյան
«Ես այսօր պետք է հանդիպեի ուսանողների հետ Ֆրանսիական համալսարանում, բայց այդ հանդիպումը չի կայացել, որովհետև ինձ արգելել են ներս մտնել բուհ»,- այս մասին galatv.am-ի հետ զրույցում ասել է դերասան, արվեստագետ Վարդան Պետրոսյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարդան Պետրոսյանը մասնակցել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքին Ազատության հրապարակում:
Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված այդ արգելքը, նա պատասխանել է. «Չգիտեմ, երևի քաղաքական աստառ են տվել: Մի քիչ լավ չի, մի քիչ ճիշտ չի, որովհետև իմ հանդիպումները ուսանողության հետ երբեք քաղաքական բնույթ չեն կրում: Տարիներ շարունակ ես այդ հանդիպումներն ունեցել եմ ուսանողության հետ, երբ զրույցների ժամանակ նրանց ծանոթացնում եմ մեր պատմությանը և նրա հերոսական էջերին: Ուսանողները այդ զրույցներից մի տեսակ արիանում են ու ազնվանում: Միշտ այդ հանդիպումները շատ-շատ լավ են անցել, և միշտ ես հրավերներ շատ եմ ունեցել: Ու հիմա վախեցել են, որ ես քաղաքական բնույթի հանդիպումներ եմ անցկացնելու, դա նրանից է, որ ես հրապարակայնորեն ասել եմ, որ սատար եմ կանգնում այն մարդկանց, ովքեր գալիս են հրապարակ: Ես դա ծանր չեմ տանում, ուղղակի մի քիչ անհարմար է, ճիշտ չէ, իրենց սազական չէ»: