
ԵԺԿ-«Ժառանգություն» հարաբերությունների շուրջ (լուսանկարներ)

Այսօր Ազատության հրապարակում շարունակվեց Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի ակցիան, որտեղ կեսօրին մամլո ասուլիս տվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հովհաննիսյանին Ազատության հրապարակում այցելեցին եւ զորակցություն հայտնեցին ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, տեր Գրիգորը, գործարար Խաչատուր Սուքիասյանը, այլ գործիչներ: Հովհաննիսյանին այցելեց նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Օրվա երկրորդ կեսին մամլո ասուլիս տվեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Ի պատասխան Սերժ Սարգսյանի Բրյուսել ուղեւորվելու մասին հարցին, Հովհաննիսյանը հայտնեց, որ մեկնելը Սարգսյանի խնդիրն է, իսկ ԵԺԿ-«Ժառանգություն» հարաբերությունների առնչությամբ գնահատեց, որ ԵԺԿ նախագահ Վիլֆրեդ Մարթենսը խախտել է իր անկողմնակալության պարտավորությունը ընտրություններից առաջ ի նպաստ ՀՀԿ-ի հայտարարություններ անելով, եւ համապետական ճգնաժամը չլուծված՝ Սերժ Սարգսյանին շնորհավորելով: «Այդ մասին ես կգրեմ իրեն: Եվ եթե իր կարծիքը դառնա ԵԺԿ հավաքական կարծիք, այդ դեպքում մենք կվերանայենք ԵԺԿ-«Ժառանգություն» հարաբերությունները»,- ասաց Հովհաննիսյանը:
ԵԺԿ-ին հասցեագրված նամակը լրատվամիջոցներին կտրամադրվի վաղը:
Տեղեկացնենք, որ վաղը կհրապարակվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշումը ԿԸՀ հայտարարած նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով: Կեսօրին ասուլիս կտա «Ժառանգության» վարչության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը, իսկ ժ. 17:00-ին լրագրողների հարցերին կպատասխանի Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբ