«Հարսնաքարի» գործով ավարտվեց գրավոր նյութերի հետազոտումը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում անցյալ տարվա հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա դատական նիստում հետազոտվեց իրեղեն ապացույց ճանաչված «մայկան» կամ «վերնաշապիկը»: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Տուժող, ռազմական բժիշկ Արտակ Բայադյանի հագուստը երկու վերոհիշյալ անվանումներով է հիշատակվում գործում, ինչը դատավարության մասնակիցների մոտ որոշակի կասկածների տեղիք էր տվել: Արտակ Բայադյանը, սակայն, հաստատեց, որ կարմիր զոլերով սպիտակ «մայկան» իրենն է և որ այն իր հագին է եղել դեպքի օրը:
Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը նկատեց, որ իր պաշտպանյալը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն և այդ պահի դրությամբ գործում նրա վերաբերյալ որևէ տվյալ չի եղել: Սակայն այդքանով հանդերձ՝ ըստ նրա, նույն օրը Ն.Հայրապետյանը ձերբակալվել է Վահե Ավետյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով՝ առանց որևէ ապացույցի: Մեղադրող Արթուր Դավթյանն առարկեց պաշտպանի դիտարկման դեմ՝ հայտարարելով, եթե տեղեկություններ չկային «ինչու էին ոստիկանները մի քանի օր գնում Ն.Հայրապետյանի տուն», ինչին պաշտպանը նորից առարկեց՝ «եթե անգամ օպերատիվ տեղեկատվություն կա, ապա այն պետք է առկա լինի գործում»: Պաշտպանը հայտարարեց նաև, որ նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմամբ հաստատված է համարվել, որ վիճաբանությանը մասնակցել են նաև «այլ անհայտ անձինք», ուստի պարզ չէ, թե 6 ամբաստանյալնե՞րն են տուժողներին հասցրել տարբեր աստիճանի վնասվածքները, թե «ինքնությունը չպարզված այլ անձինք»:
Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը նկատեց, որ թեև իր պաշտպանյալն ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, սակայն որպես ձերբակալության նպատակ նշվում է «փախուստը կանխելը»:
Ըստ ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանի, գործի նյութերում չի երևում իր պաշտպանյալի «անցումը» վկայից կասկածյալի: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը որպես վկա հարցաքննվելուց հետո մինչև ձերբակալվելը պահվել է ոստիկանությունում: Իսկ Մ.Պողոսյանն իր հերթին դատարանի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հունիսի 19-ով թվագրված մի գրությամբ նշվում է, որ հունիսի 20-ին ձերբակալվել է ամբաստանյալ Արթուր Բաբլոյանը, ինչն, ըստ պաշտպանի, վկայում է նախաքննության մարմնի կողմից սույն գործով մեղադրյալների նկատմամբ ունեցած կանխակալ վերաբերմունքի մասին:
Ըստ նրա, դեպքի վայրի զննության արձանագրությունը կազմվել է օրենքի խախտմամբ՝ ընթերականերից մեկի 18 տարին լրացած չի եղել, ուստի արձանագրությունը չի կարող դրվել մեղադրանքի հիմքում:
Գործի գրավոր նյութերի հետազոտումը ավարտվեց, մարտի 15-ի դատական նիստում դատարանը կանցնի ամբաստանյալների հարցաքննությանը կամ քննության կառնի լրացուցիչ վկաներ հրավիրելու պաշտպանական կողմի միջնորդությունը: