Սարալանջի ճանապարհին «ԲՄՎ»-ով վրաերթի են ենթարկել 8-ամյա տղային և դիմել փախուստի

Այսօր՝ մարտի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհի Սարի թաղի հատվածում, վրաերթի է ենթարկել 8-ամյա Վրեժ Սիմոնյանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխային քաղաքացիների օգնությամբ «էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխել ոստիկանության Պահպանության միավորման Արաբկիրի պահպանության բաժնի պետ Նորայր Գևորգյանը։

Վրաերթի վայրում քաղաքացիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ վրաերթը կատարվել է «ԲՄՎ» մակնիշի 222 ՏԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։
Ըստ ֆոտոլրագրողի՝ նշված «ԲՄՎ»-ն հաշվառված է «Լազերային տեխնիկա» Փակ Բաժնետիրական ընկերության հաշվեկշռում։

Այս պահին Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները ոստիկանության Արաբկիրի, Էրեբունու և Կենտրոնականի բաժնի, ինչպես նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հետ ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական քննչական համատեղ գործողություններ՝ հայտնաբերելու համար վրաերթ կատարած և փախուստի դիմած «ԲՄՎ»-ն ու նրա վարորդին։

Իսկ թե վրաերթը կատարվել է քաղաքացիների մատնանշած «ԲՄՎ»-ով, դա պարզ կլինի, երբ հայտնաբերվի երեխային վրաերթ կատարած «ԲՄՎ»-ն:

Ֆոտոլրագրողին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հայտնել են, որ երեխան ստացել է կոտրվածքներ և առաջին բուժօգնությունը իրենց կողմից տրվել է երեխային, որից հետո երեխային տեղափոխել են Երևանի թիվ 3-րդ մանկական հիվանդանոց։

Տեսանյութեր

Լրահոս