Րաֆֆի Հովհաննիսյանը անձրևից պաշտպանվել է՝ անձրևանոցը ձեռքում բռնած
Գիշերը տեղումների պատճառով արդեն չորրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը անձրևից պաշտպանվել է անձրևանոցի միջոցով: Այս մասին այսօր Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ Սահմանադրությունն ու տարբեր կոնվենցիաները, այնուամենայնիվ, մարդուն հնարավորություն են տալիս կենսաապահովման նվազագույն միջոցներ ունենալ`առավել ևս, երբ մարդը հացադուլի մեջ է, բայց. «Մենք ստիպված իմ գործընկերոջ հետ միջոց գտանք՝ անձրևանոցը պահեցինք մեզ վրա`պահելով ձեռքերի մեջ»:
Մարտիրոսյանի խոսքով՝ իրենք անձրևանոցի հենակները չդրեցին գետնին, ինչը ոստիկանության կողմից արգելվում էր, պահեցին իրենց ձեռքերում: «Բարեբախտաբար մեր իշխանությունները օրենքով չեն արգելել բռնել անձրևանոցը մեր ձեռքերում: Իշխանությունն այս ասֆալտը պատմամշակութային արժեք որակեց, ինչի վրա վրան տեղադրել չի կարելի, մենք էլ անձրևանոցները պահեցինք մեր ձեռքերում, քանի որ ոչ մի ձև արգելված չէ անձրևանոց ունենալ, դրա չափերն էլ կանոնակարգված չեն»,- մասնավորեցրեց նա:
Արմեն Մարտիրոսյանը հայտնեց, որ իրենք քաղաքապետարանից բանավոր հավաստիացում են ստացել, որ տեղումների ժամանակ անձրանոց տեղադրելու հետ կապված իրենց դիմումը բավարարվել է: Ըստ նրա, ոստիկանությունն ընդառաջ է գնացել ու թույլատրել պարզել անձրանոցը: