Այն ո՞վ է, այն ո՞վ. մամուլ
«Հայկական Ժամանակ» օրաթերթը շարունակում է տպագրել գրող Արփի Ոսկանյանի «Այն ո՞վ է, այն ո՞վ» քաղաքական բանաստեղծությունների շարքը:
Այն ո՞վ է, այն ո՞վ
Պարգևատրում է Մեսրոպ Մաշտոցի
Շքանշանով,
Չի շրջում վաղուց իր կոմսոմոլի
Կրծքանշանով։
Ուզում է լինի մայրենի լեզուն
Սուրբ, անապական,
Սակայն ինքն անձամբ դարձել է վաղուց
Հանրապետական։
Հայորդիներին սիրում է կանչել
Հայրենի եզերք
Հատկապես նրանց, որ նախընտրում են
Թռչել տիեզերք:
Ուզում է բերել աշխարհասփյուռ
Հայերին ի մի,
Կանչում է նրանց պաթոսով անանց
Արի՛, տուն արի…
Գալիս են նրանք որպես տուրիստներ
Ու գնում նորից,
Բայց գալիս են և ավանտյուրիստներ՝
Դափնու հետևից։
Քավոր է կանգնում հարսանիքներին
Այն հայ զույգերի,
Որ հանդիպել են ճանապարհներին
Օտար, ամայի,
Պսակում նրանց և պետբյուջեի
Փողերով անտեր
Կազմակերպում այլ նույնքան անհեթեթ
Միջոցառումներ։
Մեր ժողովրդի Երկու կեսերը
Սոսնձում անփույթ,
Մեկ ազգ է ուզում, թեկուզ ունենա
Զրո մշակույթ։
Նա հոգեմայրն է բոլոր հայ ջահել
Կարիերիստների,
Սովորեցնում է նրանց մասնակցել
Տարբեր նիստերի,
Պատմում է, թե ոնց տեսել է անմահ
Կաստրոյին Ֆիդել
Եվ կարողացել նրան մոտիկից
Մանրազնին դիտել։
Եղել է նա, կա ու դեռ կլինի
Միշտ իշխանություն.
Նրա համար է հիմնվել մի ողջ
Նախարարություն։
Արփի Ոսկանյան