
Մահվան նոր դեպք բոտուլիզմից

Փետրվարի 20-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում արձանագրված սննդային թունավորման՝ բոտուլիզմի դեպքը մահվան ևս մեկ ելք է ունեցել: Սննդային թունավորման պատճառը փետրվարի 18-ին տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն էր: Պահածոյաղված կարմիր պղպեղը կերել էին ընտանիքի 4 անդամներ՝ մայրը և երեք դուստրերը: Հենց հաջորդ օրը նրանց մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, երկտեսություն, ռնգախոսություն, կլման ակտի խանգարում:
Բոլոր 4 հիվանդները հոսպիտալացվել են և ստացել հակաբոտուլինային շիճուկ: Հիվանդներից 2-ի վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Չնայած երկարատև բուժմանը և բժիշկների ջանքերին, 92-ամյա մոր և 70-ամյա դստեր կյանքը չի հաջողվել փրկել: Նշենք, որ մայրը մահացել է փետրվարի 21-ին։