Բոտուլիզմի հերթական դեպքն է արձանագրվել Կոտայքի մարզի Առինջ գյուղում
Մարտի 10-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում արձանագրվել է բոտուլիզմի նոր դեպք` 1 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ տուժածը մորաքրոջ 2 երեխաների և հարևանի հետ (4 հոգով) մարտի 9-ին սննդում օգտագործել է տնային պայմաններում պատրաստված լոբու պահածո: Ուտելուց 4 ժամ անց հիվանդի մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, սրտխառնոց, մշուշոտ տեսողություն, երկտեսություն, կոպի իջեցում, դժվարացած շնչառություն, կլման ակտի խանգարում: Հիվանդը մարտի 10-ի գիշերը ժամը 2-ին դիմել է Աբովյանի ԲԿ, որտեղից էլ գիշերը ժամը 3-ին շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
«Արմենիա» ՀԲԿ-ում հիվանդին անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային շիճուկ, վիճակը գնահատվում է միջին ծանրության, նկատվում է դրական դինամիկա, բուժումը շարունակվում է:
Լոբու պահածո օգտագործած մյուս երեք անձանց մոտ բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ չկան:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին ու կրկին կոչ է անում.
• խուսափե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
• մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից
• առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:
ՀՀ առողջապահության նախարարություն