Բաժիններ՝

«Յոթգլխանի հրեշը» Կոշ գյուղը ջրադուլի է մատնել

Այսօր՝ մարտի 12-ին, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի 200-ից ավելի բնակիչներ  պատկան մարմինների առաջ հարց են բարձրացնում, թե ի՞նչն է պատճառը, որ 1 տարուց ավելի է, Կոշի գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում կոշեցիները պատմում են, որ ինչ-որ անձինք Ամբերդի տարածքում՝ Աշոտ Երկաթի ամրոցի մոտ, ինչ-որ հիդրոէլեկտրակայաններ են կառուցել և այն կառուցելուց հետո գյուղը ամբողջովին կարոտ է խմելու ջրին։

Հիմա գյուղում ջուր են տեղափոխում այլումինե տակառներով, իսկ կանայք բարձրաձայնում են, որ օրերով չեն կարողանում լուծել երեխաների լոգանքի հարցերը։
Անգամ կան երեխաներ, որոնց գյուղում «մաուգլի» են կոչում, քանի որ 1 տարի է՝ լողանում են անձրևաջրերից և հալոցքից առաջացած ջրերով։

Հավաքված երիտասարդները ասում են, թե «Կառավարությունը հայտարարում է, թե քաջալերելու և օժանդակելու ենք աճող ընտանիքներին, բայց եթե պիտի կնիկ բերենք տուն ու հետո էլ՝ էրեխա, բա ինչո՞վ ենք լողացնելու էդ էրեխուն»։

Գյուղացիները պատմում էին, որ իրավիճակին ծանոթ է գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը, ով այդ մասին տեղեկացրել է Արագածոտնի մարզպետին և միայն նրա միջամտությունից հետո գյուղում 3-4 օրում վերականգնվեց ջրամատակարարումը։

Գյուղացիների բարձրացրած խնդրի մասին ֆոտոլրագրողը քիչ առաջ խոսել է Արագածոտնի մարզպետի հետ, ով ասել է, թե «Առաջին անգամ եմ լսում խնդրի մասին։ Առավոտյան պատրաստ եմ ընդունելու գյուղացիներին, և հնարավոր ամեն ինչ կանենք խնդիրը լուծելու համար»։

Shamshyan.com-ը գյուղացիների բարձրացրած խնդիրը պահելու է իր ուշադրության կենտրոնում և առաջիկայում մանրամասն ներկայացնելու է իրավիճակը։

Ի դեպ, նշված տարածքում է գտնվում նաև Կոշի գաղութը և ըստ գյուղացիների՝ նույն վիճակն է տիրում նաև գաղութում։

լուսանկարը՝ Գ.Շամշյանի

shamshyan.com

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս