«Ինձ համար կյանքի երազանք չի եղել Ազգային ժողովի մանդատը». Ալեքսանդր Արզումանյան

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը պատրաստ է հրաժարվել պատգամավորական մանդատից, եթե դրա քաղաքական նպատակահարմարությունը հիմնավորվի:
«Մանդատը հո ինքնանպատակ չէ՞, եթե դա կարող է օգտակար լինել շարժման համար, կարելի է քննարկել որոշ ընդդիմադիրների հետ: Որևէ խնդիր չեմ տեսնում: Եթե քննարկում լինի, և բերվեն փաստարկներ, որ դրանով կնպաստենք շարժման հաջողությանը, ես խնդիր չեմ տեսնում: Ինձ համար կյանքի երազանք չի եղել Ազգային ժողովի մանդատը, մանավանդ` այստեղ ձևավորված»,- 168.am-ին ասաց Ա. Արզումանյանը` ավելացնելով, որ ինքն անձամբ պատրաստ է վայր դնել մանդատը, սակայն խնդիրն անհատական որոշումներով չի կարգավորվում: Նրա խոսքերով, այդ քննարկումը կարող է նախաձեռնել խորհրդարանական ընդդիմադիր երեք խմբակցություններից յուրաքանչյուրը: Նա շեշտեց, որ խոսքն ընդդիմադիր խմբակցությունների`«Ժառանգության», Հայ Հեղափոխական դաշնակցության և Հայ ազգային կոնգրեսի մասին է: «Բարգավաճ Հայաստանի» մասին, ով իրեն այլընտրանք է հռչակել, որևէ բան ասել չի կարող:
Իսկ թե ետընտրական շրջանում որքանով է արդյունավետ այս կամ այն քայլը, Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով՝ այդ մասին պետք է Րաֆֆի Հովհաննիսյանը խոսի: «Կա գործող անձ, կա Րաֆֆի Հովհաննիսյան, ով ստացել է հասարակության, ժողովրդի աջակցությունը, և ով հիմա պայքարի առաջնորդն է: Ինքն էլ պետք է քայլերի նպատակահարմարությունը որոշի և հետո առաջարկի մյուսներին: Մյուսները կմիանա՞ն, թե՞ ոչ, դա արդեն այլ խնդիր է»,- նկատեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչը:

Տեսանյութեր

Լրահոս