Ստեփան Հակոբյանը հրաժարվեց ցուցմունք տալ

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, Մալաթիայի նախկին թաղապետի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի գործով այսօրվա նիստում ամբաստանյալ Ստեփան Հակոբյանը հրաժարվեց ցուցմունք տալուց և դատավարության մասնակիցների, այդ թվում՝ իր պաշտպանի, հարցերին պատասխանելուց: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Դատարանը հրապարակեց նախաքննության ընթացքում նրա տված ցուցմունքները: Որպես մեղադրյալ տված ցուցմունքներում Ստեփան Հակոբյանն իրեն մեղավոր չէր ճանաչել սպանությունը կազմակերպելու ու ապօրինի ռազմամթերք պահելու մեղադրանքում: Նա հայտարարել էր, որ նկարագրված հանցագործությունը չի կատարել, նպատակ ու պատճառ չի ունեցել Սեդրակ Զատիկյանին սպանելու համար, չի կազմակերպել ու չի պատվիրել սպանությունը, «իմ վրա գործ են սարքել»: Նա հայտարարել էր նաև, որ հայտնաբերված փամփուշտներն իրեն չեն պատկանում:

Սպանությունից հետո քաղաքից հեռացել է, ըստ նրա, քանի որ Սեդրակի եղբայրն իրեն է վերագրել սպանությունը, անհրաժեշտ էր, որ սպանվածի եղբայրը հանդարտվի ու հասկանա, որ ինքը՝ Ստեփան Հակոբյանը, որևէ կապ չունի սպանության հետ:

Այն ժամանակ մեղադրյալը պահանջել էր, որ իր հետ առերես հարցաքննվեն իր դեմ ցուցմունքներ տված անձինք, և ինքը կապացուցի, որ նրանք «սուտ են ասում»:

Ըստ նախաքննական ցուցմունքների՝ Ս.Հակոբյանը խոսակցություններից իմացել է, որ Արսեն Առուշանյանը Ս.Զատիկյանին սպանելով վրեժ է լուծել՝ տուժողի ու նրա ընկերների կողմից դաժան ծեծի ենթարկվելու պատճառով:

Ս.Հակոբյանը հայտնել էր նաև, որ Արսեն Առուշանյանին ճանաչել է որպես Ֆելոյի որդի, վերջինիս պատկանող շինությունը վարձակալել է ու աշխատեցրել որպես կազինո: Իսկ սպանությանը օժանդակելու համար դատապարտված Արթուր Հովհաննիսյանին ու Լուսինե Ղևոնդյանին չի ճանաչել:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը վկա Արմեն Բեջանյանին դատարան հրավիրելու ու հարցաքննելու մասին, իսկ վկաներ Զեփյուռ Ստեփանյանին ու Սամվել Հակոբյանին հարցաքննելու միջնորդությունը մերժվեց, քանի որ նրանց ցուցմունքներն էական նշանակություն չունեն գործի համար: Դատարանը մերժեց նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Վաղարշակ Գևորգյանի միջնորդությունը տուժողի ազգական Մելս Հարությունյանին հարցաքննելու մասին: Ըստ դատարանի՝ վկան որևէ կապ չունի գործի հետ:

Դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը պաշտպանության միջոցի ներքո գտնվող երկու վկայի ցուցմունքների բովանդակությունը գաղտնազերծելու ու գործին կցելու մասին: Բավարարվեց նաև մեղադրող կողմի միջնորդությունը «գաղտնի փաթեթում» առկա փաստաթղթերը գործին կցելու մասին:

Գործով դատաքննությունը կշարունակվի մարտի 20-ին:

Տեսանյութեր

Լրահոս