«Առաքելությունը» միայնակ կիրականացնի իր առաքելությունը

«Առաքելություն» կուսակցությունը չի պատրաստվում քաղաքական որևէ այլ ուժի կամ կուսակցության հետ միասնական ցուցակով մասնակցել մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կուսակցությունը նպատակահարմար է գտել մասնակցության այդ ձևաչափը:

«Մեր օրակարգում այլ կուսակցությունների հետ միավորվելու խնդիր չկա: Մենք չենք տեսնում քաղաքական դաշտում այն ուժին, որի հետ կցանկանայինք միավորվել, միևնույն ժամանակ՝ չենք տեսնում այն ուժին, որը չցանկանար մեզ հետ միավորվել»,- ասաց Մանուկ Սուքիասյանը՝ հավելելով, որ առաջին հայացքից գեղեցիկ են հնչում միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու՝ կուսակցությունների հայտարարությունները, սակայն կյանքը ցույց է տալիս, որ նման միավորումներ տեղի չեն ունենում:

Հիշեցնենք, որ կուսակցությունը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին:

Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ իրենց համամասնական ցուցակն առայժմ պատրաստ չէ, և դեռ հայտնի չէ, թե ով է գլխավորելու այն, սակայն շաբաթվա վերջում, ամենայն հավանականությամբ, այն պատրաստ կլինի:

«Լիովին հավանական է, որ հանրությանը հայտնի մարդիկ ընդգրկվեն՝ անշուշտ, իրենց հավանությունը հայտնելով կոնկրետ նախընտրական ծրագրին»,- տեղեկացրեց նա:

Նշենք, որ փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին նորաստեղծ այս կուսակցությունը որևէ թեկնածուի չսատարեց, ավելին՝ կոչ արեց քվեաթերթիկի վրա նշել՝ «բոլորին դեմ»:

Մանուկ Սուքիասյանից հետաքրքրվեցինք, թե այս կարճ ժամանակահատվածում ինչո՞ւ կուսակցությունը փոխեց ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումը: «Մեր դիրքորոշումն ընտրությունների նկատմամբ չի փոխվել: Մեզ ոչ թե ընտրական պրոցեսները վստահություն չէին ներշնչում, այլ իրավիճակը չէր ներշնչում վստահություն»,- ասաց Մանուկ Սուքիասյանը:

Նա չհերքեց, որ ընտրությունների նկատմամբ վերաբերմունքը փոխվել է՝ տեսնելով հետընտրական գործընթացները: «Իրավիճակը վերստին եկավ համոզելու, որ քաղաքացին պատրաստ է շատ ավելի լուրջ պրոցեսների, պարզապես քաղաքացիական միտքը ցանկացած ընտրության ժամանակ փնտրում է այն քաղաքական ուժին, որին կտա վստահության քվե»,- ասաց «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամը:

Հարցին, թե արդյո՞ք կկարողանա կուսակցությունը հաղթահարել անցողիկ շեմը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ երևանցիներից շատերը տեղյակ չեն, որ նման կուսակցություն է ստեղծվել, Մանուկ Սուքիասյանը պատասխանեց, թե, անշուշտ, հեշտ չի լինի, սակայն իրենց նախընտրական ծրագիրը, որը կազմում են բավական բարձրակարգ մասնագետները, անշուշտ, կգրավի ընտրողներին: «Չճանաչվածության արգելքը հաղթահարելու ենք մեր ծրագրով: Վստահեցնում եմ՝ մեր ծրագիրն արմատապես տարբերվելու է մյուս բոլոր մասնակցող ուժերի ծրագրերից»,- նկատեց  Մանուկ Սուքիասյանը: Նա վստահեցրեց, որ ակտիվ քարոզարշավ են իրականացնելու և փորձելու են ծրագիրը հասցնել երևանցիներին:

Տեսանյութեր

Լրահոս