Անդրիաս Ղուկասյան. 579 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն անհավանական բարձր են

Մարտի 12-ին` ժամը 10-ին, Սահմանադրական դատարանը կշարունակի ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի քննությունը: Ըստ այդմ, վիճարկվում են ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների քվեարկության պաշտոնական արդյունքները և դրա հիման վրա «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը:

Վաղվա նիստում իր բացատրությունները կներկայացնի դիմողներից Ա.Ղուկասյանը, ով հղումներ կկատարի նաև այսօր իր կողմից ՍԴ-ին ներկայացված լրացուցիչ նյութերին: Դրանք այսօր ներկայացվեցին նաև դատավարության կողմերին` մինչև վաղվա նիստը ծանոթանալու համար:

Ի պատասխան «Pastinfo.am»-ի թղթակցի հարցի, Ա.Ղուկասյանը հայտնեց, որ խոսքը ընտրատեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ իր կողմից կատարված ամփոփումների մասին է. «Դրանք ցույց են տալիս, որ 579 ընտրատեղամասերում քվեարկության արդյունքներն էական ազդեցություն են ունեցել ամբողջ ընտրություններում քվեարկության արդյունքների վրա: Այդ տեղամասերում քվեարկության արդյունքներն անհավանական բարձր են, չեն համապատասխանում մնացած բոլորին` թե մասնակցության և թե մեկ թեկնածուի օգտին գրանցված ձայների առումով»:

Ըստ ՀՀ նախագահի թեկնածուի՝ այսպիսի անհավանական արդյունքներից ակնհայտ է, որ այդ տեղամասերում տեղի է ունեցել անգործություն: Նա հավելեց նաև, որ, ըստ էության, այս պարագայում անգործություն են ցուցաբերել ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգը և պետությունը. «Ստացվում է այն, ինչին մարդիկ, քաղաքացիները չեն վստահում, պետությունը վստահում է»:

Ա.Ղուկասյանն ընդգծեց, որ վաղը շարունակվելիք քննության ժամանակ պատասխանող կողմի հետ կփորձեն միասին հասկանալ, թե ինչու: «Իմ պնդումն այն է, որ Սերժ Սարգսյանը տվել է այդ հարցի պատասխանը Սերժ Թանգյանին ուղղված նամակում: Քանի որ ինքն է կազմակերպել ընտրությունը, ապա և բնական են նման քվեարկության արդյունքներն առանձին ընտրատեղամասերում»,-ասաց ՀՀ նախագահի թեկնածու Ա.Ղուկասյանը:

Փաստինֆո

Տեսանյութեր

Լրահոս