Հմայակ Հովհաննիսյանին ներողություն կխնդրի՞
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, այսօր մասնակիորեն բավարարեց ՀՀ քաղաքագետների միության նախագահ, նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի դեմ Սենիկ Ջուլհակյանի հայցադիմումը:
Հայցվորը խնդրում էր դատարանից պատասխանողին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով արած արտահայտությունների համար, որոնք, ըստ հայցվորի, իրենցից վիրավորանք ու զրպարտություն են ներկայացնում: Կողմը նաև պահանջում էր պատասխանողից բռնագանձել մեկական միլիոն դրամ որպես վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման գումար: Եվս 300 հազար դրամ կողմը պահանջում էր բռնագանձել որպես փաստաբանին տրված վարձատրության փոխհատուցում:
Դատարանի վճռով Հմայակ Հովհաննիսյանից պետք է բռնագանձվի 250 հազար դրամ որպես զրպարտության, 300 հազար դրամ որպես վիրավորանքի և 200 հազար դրամ որպես փաստաբանի վարձատրության փոխհատուցում: Վճռով դատարանը պարտավորեցնում է Հ.Հովհաննիսյանին նաև հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներով:
Սենիկ Ջուլհակյանի ներկայացուցիչ Գեղամ Այվազյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վճիռը վերաքննիչ դատարան բողոքարկելու հարցը կորոշվի վստահորդի հետ խորհրդակցելուց հետո: