
Ոստիկանությունը հաստատել է. Իզաբելլա Աբգարյանի հոր բնակարան թաղային տեսուչ է այցելել

Նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի համակիր, բլոգեր Իզաբելլա Աբգարյանը ոստիկանությունից այսօր ստացել է մարտի 6-ին ուղարկված հարցման պատասխանը: Այս մասին 168.am-ին ասաց ինքը՝ Ի. Աբգարյանը՝ նշելով, որ պատասխանն ընդհանուր առմամբ իրեն գոհացնում է:
«Իրենք հաստատել են, որ այցելուն եղել է ոստիկանության աշխատակից, թաղային լիազոր: Իրենք նաև նշել են, որ դա կատարվում է բոլորի բնակարան և հանցագործությունների կանխարգելման միտում ունի: Ինձ համար կարևոր էր, որ համոզվեցի, որ այցելողը հենց ոստիկանությունից է եղել: Ինձ համար կարևոր էր նաև, որ իրենք ընդունում են, որ այդ այցը եղել է, քանի որ որոշ մարդիկ գրում էին, որ ես հնարել եմ դա՝ մթնոլորտը լարելու համար: Ամեն դեպքում ես բավարված եմ պատասխանով»,-ասաց Իզաբելլա Աբգարյանը:
Հիշեցնենք, որ Իզաբելլա Աբգարյանը ոստիկանությանն ուղղված նամակում նշել էր, որ իր հոր բնակարան, որտեղ գրանցված է նաև ինքը, մարտի 5-ին այցելել էր ոստիկանության աշխատակիցը և հարցրել, թե ովքեր են գրանցված բնակարանում, ովքեր են ապրում և կա արդյոք տանը զենք-զինամթերք: Իզաբելլա Աբգարյանն էլ պարզաբանում էր պահանջել, թե արդյոք բոլորի՞ բնակարան են ոստիկանության աշխատակիցների կողմից այդպիսի այցեր լինում: