«Ոչ ես, ոչ այս ժողովուրդը թույլ չենք տալու, որ Ազատության հրապարակում դիակ լինի». Ր.Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երկրորդ օրն է, ինչ գտնվում է հացադուլի մեջ, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերհաստատեց նախօրերին արված իր հայտարարությունը։
«Երբ ես խոսում են կեղծված հնարավոր երդման և պղծված Ավետարանի մասին, ապա ուզում եմ բացառել ու հավատալ, որ Սերժ Սարգսյանը և Գարեգին Վեհափառը թույլ կտան այդ պահը: Բայց եթե այդքան է նրանց համարձակությունը, ուժը և քաղաքական կամքը, հայրենիքի նկատմամբ սերը և քրիստոնեական արժեքը՝ կեղծել Սահմանադրությունը և Սուրբ Գիրքը, ուրեմն այո, իմ դիակի վրայով դա կլինի»:
Ր. Հովհաննիսյանն անդրադարձավ նաև իր հայտարարության արձագանքներին։ «Ես խոսում եմ իմ մասին, իսկ մնացած գործիչները և հանրապետական կուսակցության գործիչներ և կեղծ իշխանավորներ խոսում են ուրիշների դիակների մասին: Նկատի ունեմ Մարտի 1-ը և հոկտեմբերի 27-ը: Ոչ ես, ոչ այս ժողովուրդը թույլ չենք տալու, որ Ազատության հրապարակում դիակ լինի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ այս թեմային այսօր անդրադարձել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ կարծիք հայտնելով, որ Ր.Հովհաննիսյանն ամենայն հավանականությամբ լեզվի սայթաքում է թույլ տվել։
Ըստ Ր.Հովհաննիսյանի՝ ինքն իրեն զրկում է հացից, սակայն դա ժողովրդի հաղթանակը զորացնելու և պայքարն ամրագրելու վճռորոշ փուլ է: «Ժառանգության» առաջնորդը սպասելու է մինչև ապրիլի 9-ը՝ Սերժ Սարգսյանի ինքնաբացարկը, և վստահ է, որ «ապրիլի 9-ի երկունքից հետո ծնվելու է նոր Հայաստանը»։