Տ.Մուկուչյան. Դատարան պետք է բերվեն փաստարկված ապացույցներ և ոչ թե ենթադրություններ
Դատարանում բոլոր պարզաբանումները պետք է տրվեն՝ ելնելով գործող օրենքից և իրավունքից, – համոզված է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, ով որպես պատասխանող մասնակցում է Սահմանադրական դատարանում ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա` «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի փետրվարի 25-ի թիվ 62-Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ գործի քննությանը:
Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանն այսօր ՍԴ-ում ներկայացրել է ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու իրենց փաստարկները, սակայն ԿԸՀ նախագահի հարցադրումներն, ըստ էության մնացել են անպատասխան։ Նա խոստացել է դրանց պատասխանել ընդմիջումից հետո՝ 14։30 մեկնարկվող նիստի ընթացքում։
Իսկ ընդմիջմանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց լրագրողների հարցերին՝ հայտարարելով, որ դիմումատուն դատարան է բերել իր ենթադրությունները և ոչ թե ապացույցներ։
Նախ՝ Տ.Մուկուչյանը նշեց, որ, եթե որևէ մեկի նկատմամբ եղել է ճնշում, ինչպես պնդում է դիմող կողմը, ապա ենթադրվում է, որ գոնե այդ անձը պետք է սահմանված ժամկետում դիմեր պատշաճ մարմնին, ինչը չի արվել։ Դատարան պետք է բերվեն փաստարկված ապացույցներ, այլ ոչ թե սեփական կարծիքը, մոտեցումը, ենթադրությունը,- ասաց Տ.Մուկուչյանը։
Ըստ նրա՝ դիմումատուն կից փաստաթղթերում ներկայացրել է նաև անստորագիր փաստաթղթեր, որոնց վերաբերյալ իր տեսակետը կարտահայտի Սահմանադրական դատարանում իր ելույթում։ Իսկ 14։30 մեկնարկած նիստում ակնկալվում է, որ դիմող կողմը կպատասխանի ԿԸՀ նախագահի հարցերին։