
«Անհայտ կառույցի հետ ինչպե՞ս կարող ենք համագործակցել»

«Հայաստանի կանաչների կուսակցությունը», որը միացել էլ Հայ ազգային կոնգրես դաշինքին, առայժմ չի պատկերացնում հետագա համագործակցությունը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ, որի հիմնադիր համագումարը նախատեսվում է անցկացնել մարտի վերջին:
«Երբ ՀԱԿ կուսակցությունը ձևավորվի, այն ժամանակ կքննարկենք՝ համագործակցո՞ւմ ենք, թե՞ չենք համագործակցում, ինչպե՞ս ենք համագործակցում: Հիմա, այսպես ասած, անհայտ կառույցի հետ ինչպե՞ս կարող ենք համագործակցել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արմենակ Դովլաթյանը:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե նրա նշած «անհայտ» ՀԱԿ կուսակցությունը հայտնի ՀՀՇ-ն է՝ անվանափոխված, գումարած՝ նաև որոշ անկուսակցականներ և մեկ-երկու նախաձեռնություններ, Արմենակ Դովլաթյանը պատասխանեց, որ առայժմ իրենց համար հստակ չէ նոր կուսակցության ղեկավար կազմը, մոտեցումները, ծրագրերը:
Նա նշեց, որ դաշինքի անդամ մյուս կուսակցությունների հետ շփումները շարունակվում են, սակայն ՀԱԿ կուսակցության հիմնադիր համագումարի նախապատրաստական աշխատանքներին չեն մասնակցում: Ինչ վերաբերում է կուսակցության հիմնադիր համագումարին մասնակցելուն, ապա դեռևս հրավեր չունեն, ունենալու դեպքում՝ չեն մերժի: Հիշեցնենք, որ «Հայաստանի կանաչների կուսակցությունը» ևս հրաժարվեց լուծարվել և միանալ ՀԱԿ կուսակցությանը:
Լուսանկարը՝ econews-ի