«Բաղրամյան 26-ը կամաց-կամաց «ցնդում է». Ա.Ղուկասյան

«Սերժ Սարգսյանը թեկնածու է եղել այս ընտրություններում և ընտրություններ կազմակերպելու ոչ մի իրավասություն չուներ և եթե անգամ բաց նամակի միջոցով հայտարարում է, որ ինքն է ընտրություններ կազմակերպել, ուրեմն խոստովանում է, որ Սահմանադրությունը խախտել է: Դա վկայում է, որ քաղաքաիրավական գիտակցությունը շատ ցածր է նրա մոտ, ով գրել է այդ նամակը Սերժ Սարգսյանի անունից: Ինչևիցե, այդ նամակի տակ դրված է Սերժ Սարգսյանի ստորագրությունը»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանի ամբողջ թիմը պատկերացնում է, որ Սերժ Սարգսյանը պիտի լիներ ընտրությունների անցկացնողը, կազմակերպիչը՝ դրանում չտեսնելով ոչ մի հակասահմանադրական գործողություն:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը դիմել է Սահմանադրական Դատարան բողոք-դիմումով, որով պահանջում է հակասահմանադրական ճանաչել Սերժ Սարգսյանի՝ բաց նամակով արված հայտարարությունը: Հիշեցնենք նաև, որ աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանգյանին հղած պատասխան նամակում Սերժ Սարգսյանն ասել է. «Ի՞նչ պիտի ասեմ նրան, Սե՛րժ, որ ես իմ ժողովրդին ապահով Հայաստան խոստացա, կազմակերպեցի մեր երկրի 21-ամյա պատմության լավագույն ընտրությունները (անշուշտ խնդիրներով հանդերձ, որոնք, սակայն, որևէ էական ազդեցություն չէին կարող ունենալ արդյունքների վրա) ու չկարողացա՞ համախմբել ողջ ժողովրդին ու ապագայի ճանապարհը ցույց տալ: Որ լուրջ վերաբերվեցի ու անգամ քննարկեցի պետության ու պետականության հետ աղերս չունեցող՝ օդից վերցրած «վերջնական ճշմարտություննե՞րը»: Դա ական է, Սե՛րժ, ական գալիք բազմաթիվ տասնամյակների համար, որ անխուսափելի կործանման կտանի: Մենք զարգացման ճանապարհի ականները մի կողմ նետելու պարտք ունենք: Անօրինական ճանապարհներով հնարավոր չէ օրինականության հաստատման օրակարգ ամրագրել: Այդ օրակարգի վերջն էլ շատ արագ կգա նույն անօրինական ճանապարհով»:

Մեր այն հարցին՝ արդյո՞ք «ական» ասելով Սերժ Սարգսյանը նկատի ունի քաղաքացիական շարժումներն ու հանրահավաքները, Անդրիաս Ղուկասյանը նշեց, որ դա ընդամենը ստալինյան PR է, որը բնորոշ է քաղաքական «սեկտաներին», երբ գտնում են ներքին թշնամի, որի դեմ պետք է պայքարել, իսկ մի քանի անձից բաղկացած իշխանությունը նստած մտածում է ազգի փրկության մասին:

«Հանրությունն արդեն նման բաների չի հավատում: Բաղրամյան 26-ը ամեն ինչից հետ է մնացել՝ դիսկուրսից, ժամանակից ու գործընթացներից: Երկիրը ապրում է 2013թ-ը, իսկ Բաղրամյան 26-ը կարծես մնացել է 2009-2010թթ-ի մեջ: Իմ կարծիքով՝ եռասերժ նամակագրությունը վկայում է, որ Բաղրամյան 26-ը «ցնդում է» կամաց-կամաց»,- կարծիք հայտնեց Անդրիաս Ղուկասյանը:

Անդրադառնալով ուսանողության պայքարին` նա կարևորեց այդ պայքարը, քանի որ բուհերի առողջ մտածող երիտասարդները պայքարում են բուհերի քրեաօլիգարխիկ հատվածների դեմ:

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես են պայքարում մեր ուսանողները, ես կասեի՝ նրանց պայքարը կրեատիվ է: Եթե քաղաքացիական կամք դրսևորեն, նրանք անպայման կհաղթեն այդ պայքարում»,- եզրափակեց Անդրիաս Ղուկասյանը:

Գալա TV

Տեսանյութեր

Լրահոս