Էն էլ ոնց է տալու. Զ. Փոստանջյանը՝ Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին
Վաղը ժամը 17:00-ին Ազատության հրապարակում տեղի է ունենալու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը: Ինչպես երեկ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, հանրահավաքի ժամանակ ինքը հանդես է գալու հայտարարությամբ:
Վաղը նույն ժամին հանրահավաք կանցկացվի նաև Սյունիքի մարզում: Այս մասին galatv.am-ին ասել է «Ժառանգության» ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Վերջինս հայտնել է, որ հանրահավաքը անցկացնելու է ինքը և կուսակցության տեղի ներկայացուցիչները: «Մենք այնտեղ միևնույն ժամին հանրահավաք ենք անցկացնելու և պահանջելու ենք Լիսկայի հրաժարականը, չի բացառվում` այլ հրաժարականներ էլ պահանջենք»:
ԱԺ պատգամավորը հայտնել է, որ ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հրաժարականն են պահանջում, այլ իրենք արդեն հայտարարել են, որ պահանջում են, որպեսզի հրաժարական ներկայացնի Տավուշի մարզպետը: «Բոլոր այն օրինախախտ մարզպետները, ովքեր տարիներ շարունակ այս ապօրինությունների ապացույցները և այդ ապօրինությունները ավանդույթ են դարձրել և այսօր էլ մարդկանց գրպանահատում են, նրանք այսօր պետք է հրաժարական ներկայացնեն: Ավելին` նրանք պետք է կանգնեն դատարանի առջև»,- ասել է Զարուհի Փոստանջյանը:
Հարցին, թե տեղի կտա՞ արդյոք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Ձեր պահանջին, ԱԺ պատգամավորը ասել է. «Մենք էնքան համբերատար ենք, իհարկե տեղի է տալու, էն էլ ոնց է տեղի տալու»: