Ազգային Ժողովի պատգամավորի տան վրա կրակողը ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվել է
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ Աշոտ Վարդանյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր. Օր.-ի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (Ավազակությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և 235 հոդվածի (Ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է փետրվարի 24-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում Դավիթաշեն 2-րդ թաղամասի 34 շենքի 1-ին հարկում տեղակայված բնակարաններից մեկում կատարված ավազակային հարձակման փաստով:
Այդ օրը երեք անձինք մուտք են գործել 33-ամյա Հենրի Վարդապետյանի բնակարան և փորձել գողություն կատարել: Հ. Վարդապետյանը, ով մասնագիտությամբ արհեստավոր է, այդ պահին տանը չի եղել: Երբ վերադարձել է տուն, տանը եղել են երկու հոգի, որոնցից մեկը հրազենով սպառնացել է սպանել նրան և դիմել փախուստի: Հ. Վարդապետյանը, մտնելով տուն, տան իրերը ամբողջությամբ գտել է խառնած՝ գետնին թափած: Այդ ժամանակ մի հոգի էլ ննջարանից է դիմել փախուստի:
Նույն օրը կանչով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի աշխատակիցները սկսում են ձեռնարկել օպերատիվ-հետախուզական համալիր քննչական միջոցառումներ:
Նույն օրն էլ պարզվում է, որ աջ ոտքի ոլոքի բազմաբեկորային կոտրվածքով Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել Արմավիր քաղաքի Սահմանապահների 47 շենքի բնակիչ 31-ամյա Սամսոն Պողոսյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններին Ս. Պողոսյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Արմավիր քաղաքում՝ աներոջ տանը: Սակայն Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննաչական խումբը պարզոել է, որ այդ ամենը սուտ է, և նրան Էրեբունի հիվանդանոց է տեղափոխել հայրը՝ Սեյրան Պողոսյանը, ով աշխատում է Երևան քաղաքի շտապ-օգնության կենտրոնում՝ որպես վարորդ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դավիթաշենի բնակարանից փախուստի ժամանակ Սամսոնը վնասվածք է ստանոել և ընկերների միջոցով այդ մասին տեղեկացրել է հորը, ով էլ գնացել և տղային տեղափոխել է հիվանդանոց:
Այս պահին քննիչի որոշմամբ՝ Սամսոն Պողոսյանը ձերբակալված է և ոստիկանների հսկողության տակ գտնվում է Էրեբունի հիվանդանոցում:
Նշվում է, որ Սամսոնը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել և մեկ անգամ դատված է եղել Ազգային Ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանի՝ Ջանֆիդա գյուղում գտնվող տան վրա կրակելու համար:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի