
Եվս մեկ միասնական ցուցակ

«Հայաստանի կանաչների կուսակցությունն» Երևանի ավագանու ընտրություններին միասնաբար մասնակցելու առաջարկ է ստացել «Ազատություն» կուսակցության կողմից: Այս մասին 168.am-ին ասաց կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը:
«Առաջարկություն է եղել նաև մասնակցել Հրանտ Բագրատյանի հետ միասին: Մենք մտածում ենք ակտիվ մասնակցության մասին, տարբերակները շատ են»,-հայտնեց Արմենակ Դովլաթյանը:
Հիշեցնենք, որ և «Հայաստանի կանաչների կուսակցությունը», և «Ազատություն» կուսակցությունը Հայ ազգային կոնգրես դաշինքին են անդամակցում, թեև նախագահական ընտրություններից առաջ «Ազատությունը» հայտարարեց, որ սառեցնում է հարաբերությունները Կոնգրեսի հետ: «Հայաստանի կանաչների կուսակցությունը», չնայած ՀԱԿ-ի պաշտոնական որոշմանը՝ նախագահական ընտրություններին որևէ թեկնածուի չսատարելու վերաբերյալ, պաշտպանեց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը:
Արմենակ Դովլաթյանն ասաց, որ կուսակցությունում քննարկվել է նաև առանձին մասնակցության հարցը: Հարցին, թե այդ դեպքում «Հայաստանի կանաչների կուսակցությունը» քանի՞ տոկոս ձայնի ակնկալիք կարող է ունենալ, Արմենակ Դովլաթյանը պատասխանեց. «Երևանում բնապահպանական խնդիրներն այնքան շատ են, որ շատերը կցանկական, որ մեր կուսակցությունը մասնակցի Երևանի կառավարմանը»: Նրա խոսքերով, կուսակցության վերջնական որոշումը կհստակեցվի առաջիկա օրերին: