Հայաստանի գրեթե բոլոր օղակներում համակարգերը փտած են, ու չինովնիկներն իսկապես վախենալու տեղ ունեն. մամուլ
«Վերջին օրերին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը տարբեր պետական գերատեսչությունների գործունեության վերաբերյալ զեկույցներ է հրապարակում, որոնք այնքան էլ լավ չեն ընդունվում: Ավելին, «Ժոդովուրդի» տեղեկություններով՝ այդ կառույցներից շատերը սկսել են ճնշում գործադրել պաշտպանի վրա՝ ընդհուպ մինչև նրան պախարակելու պատվերները:
Կ. Անդրեասյանը «Ժոդովուրդի» հետ զրույցում ասաց. «Դեռ ընդամենը չորսն ենք հրապարակել, ևս 16-ը սպասվում է: Եվ եթե այս տեմպերով գնանք, իհարկե, բարդություններ կլինեն: Արդեն տարբեր գերատեսչությունների կողմից նկատում ենք որոշակի պիտակավորումների փորձեր, և ամենազավեշտականն այն է, որ նրանք անընդհատ գրում են, թե ուր են ապացույցները: Իհարկե, մենք ունենք փաստական լուրջ հիմքեր, բայց ներկայացնում ենք սեղմագրերը: Տասնյակ էջերը շուտով կներկայացվեն ԱԺ: Կարծում եմ, որ պետական մարմինները ոչ թե պետք է փորձեն հակադարձել, ճնշել, այլ տեսնեն իրենց խնդիրներն ու հաջորդ տարի դրանք շտկեն»:
Իհարկե, ՄԻՊ-ը դեռ շատ հեռու է կատարելությունից՝ հաշվի առնելով իրեն այդ պաշտոնին «նշանակողների» շահերը, նույնիսկ ինքը՝ Կարեն Անդրեասյանը, կայանալու խնդիր ունի, բայց փաստ է, որ Հայաստանի իշխանական էլիտայի ներսում դեռ չի ձևավորվել փաստարկված քննադատություն լսելու կուլտուրա: Ամեն անգամ նմանատիպ զեկույցները սվիններով են ընդունում: Կարծում ենք՝ պատճառն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր օղակներում համակարգերը փտած են, ու չինովնիկներն իսկապես վախենալու տեղ ունեն»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: