Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորը ոստիկանության աշխատակցին. «Թաքուն մի արեք»

Այսօր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` Թալին կատարած  այցելության  ժամանակ բավական հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել: Նախ` ուշագրավ է այն հանգամանքը, որ Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային գրեթե բոլոր հանդիպումները տեսագրվում են ոստիկանության լրատվականի աշխատակիցների կողմից: Նրանք մանրակրկիտ նկարահանում են ոչ միայն հանդիպումների անցուդարձը, այլև հավաքի մասնակիցների դեմքերը: Ոմանք շփոթվում են դրանից` կանգնելով հրապարակի, այսպես ասած` չերևացող անկյուններում։ Իսկ դա արդեն ազատ խոսքի իրավունքի կաշկանդման միջոց է: Նկատի ունենալով հայաստանյան շատ քաղաքներում (հատկապես մարզերում) առկա վախի մթնոլորտը՝  դժվար չէ պատկերացնել, թե ինչ հոգեկան վիճակի մեջ է լինում մարզի բնակիչը, ում տեսագրում են ընդդիմության որևէ հավաքի մասնակցելու համար: Ընդ որում` զավեշտալին այն է, որ ոստիկանության օպերատորներն իրենք շատ զգայուն են, երբ նկատում են, թե լրագրողներն ինչպես են իրենց լուսանկարում կամ տեսագրում. Նման դեպքերում անմիջապես շրջվում են դեպի լրագրողն ու անմիջապես նկարում նրան:

Այսօր այս նկարահանումների ընթացքին միջամտեց Րաֆֆի Հովհաննիսյանը։ Թալինի կենտրոնական հրապարակի խաչմերուկում ոստիկանության մայորն ու ավագը հսկում էին հանդիպումը: Ր. Հովհաննիսյանը հարթակից անակնկալ քայլեց դեպքի նրանց կողմը: Ոստիկանության ավագին հարցրեց նրա անունը, ապա հորդորեց իր ծառայությունը թաքուն չիրականացնել : «Եթե դու հրահանգ ունես, ես խնդրում եմ, որ մոտիկից հրահանգը կատարեք, որովհետև դու ծառայության մեջ ես և հպարտ ենք ձեզանով: Թաքուն մի արեք»,- ոստիկանության ավագին ասաց Ր. Հովհաննիսյանը: Թալինցի տատիկներից մեկը, տեսնելով դա, Ր.Հովհաննիսյանին ասաց՝ «էդպիսի բան մի արա» (այսինքն՝ ոստիկանին մի բեր հարթակ – Մ.Մ.)։ «Ոչ, մայրիկ, ինքը ծառայության մեջ է»,- պատասխանեց Ր.Հովհաննիսյանը: Սակայն  ոստիկանության ավագը չմոտեցավ հրապարակին, այլ միացավ իր ոստիկան գործընկերոջը:

Տեսանյութեր

Լրահոս